Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության գումարը կկրկնապատկվի .banks.am

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունը կկրկնապատկվի: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում:Առաջարկվող փոփոխության նպատակն է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում մշակել միասնական/համանման քաղաքականություն`
նպաստելով գյուղատնտեսության մեջ խոշոր եւ արտադրողական տնտեսությունների հիմնմանը։ Մասնավորապես, ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում շահառուն կարող է ձեռք բերել առավելագույնը 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ, որով կարող է հիմնել շուրջ 20 հա ջերմատուն, իսկ ինտենսիվ այգեգործության ծրագրով հնարավոր է մինչեւ 500 հա այգեհիմնում՝ 1 տնտեսավարողին աջակցելով շուրջ 15 մլրդ դրամի վարկավորմանը։ Գործող գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը կազմում է առավելագույնը 250,0 մլն դրամ եւ լիզինգառուներին հնարավորություն չի տալիս ավելի խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնել։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա ծրագրի շրջանակում նույն լիզինգառուին ձեռք բերել մինչեւ 500,0 մլն դրամ արժեքով լիզինգի առարկաներ, ինչը կնպաստի գյուղատնտեսական տեխնիկայի պարկի թարմացման եւ ծախսերի կրճատման միջոցով գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման եւ ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծմանը։