«Քույր դպրոցներ» կրթական ծրագիր. Ֆրանսիայում հյուրախաղերի մասնակցության մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Ֆրանս-Աշտարակ» հայ-ֆրանսիական մշակութային միությունը, Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը հայտարարում են մրցույթ՝ «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Լիոն և Վալանս քաղաքներում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա համատեղ համերգաշարի մասնակցության նպատակով: Լսումներին կարող են մասնակցել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտները հետևյալ մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն: Մասնակիցների ընտրությունը կիրականացվի տեսաձայնագրությունների միջոցով (առցանց): Ընտրությունը կկատարվի մասնագիտական հանձնաժողովի կողմից: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մայիսի 23-ը ներկայացնել տեսաձայնագրության առցանց հղումը (Youtube հարթակի հղում): Տեսաձայնագրության տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 7 րոպե: Կատարվող ծրագիրը՝ ազատ ոճի ստեղծագործություններ: Տեսաձայնագրության առցանց հղումը և հայտը (հայտաձևը կցվում է) անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային հասցեին՝ quyrdproc@gmail.com: Ծրագրի մասնակցության բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները: