Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Մայիսի 12-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը` քննարկելով ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է ելույթների ընթացքում հնչեցված հարցադրումներին, ընդդիմությանն ուղղված մեղադրանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունն ուղղորդելով առկա կոռուպցիոն երեւույթներին, դրսեւորումներին: «Ապօրինի գույքը ենթակա է բռնագանձման իրավունքի գերակայության սկզբունքներին համապատասխան»,- նշել է Արծվիկ Մինասյանը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խմբակցության անունից ելույթում խոսել է նախկին իշխանության վարած հակակոռուպցիոն քաղաքականության եւ արձանագրված արդյունքների, ատելության մթնոլորտի գեներացման, իշխանության ձեռնարկած ցանկացած դրական օրակարգի դեմ ընդդիմության պայքարի մասին: Անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման եւ տնօրինման հարցին՝ Հայկ Կոնջորյանը նշել է, որ գործընթացն իրականացվում է ինստիտուցիոնալ եղանակով: Դիմել

ով ՀՀ գլխավոր դատախազին՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ Հայաստանում հանրային կյանքի բազմաթիվ ոլորտներում արդարադատությունն էական առաջընթաց ունի, ներդրվել է պատժի անխուսափելիության ինստիտուտը: «Պատժի անխուսափելիության ինստիտուտը պետք է վերաբերի առաջին հերթին հնչեղ քաղաքական գործերին, հետո, բնականաբար, միաժամանակ նաեւ հանրային կյանքի բոլոր մասնակիցներին»,- ամփոփել է Հայկ Կոնջորյանը: Եզրափակիչ ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է քննարկման ընթացքում բարձրացված հարցադրումներին: Շնորհակալություն հայտնելով համակողմանի քննարկում ծավալելու համար՝ Աննա Վարդապետյանը վստահեցրել է, որ աշխատանքի տեմպը չի պակասելու, բարելավվելու է աշխատանքի խորությունն ու բովանդակությունը: Նա շնորհակալություն է հայտնել իրավապահ համակարգի սրտացավ եւ պրոֆեսիոնալ աշխատակիցներին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ իրողություն է դարձել պետական շահերի պաշտպանությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձը, կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարը:



ԼՐԱՀՈՍ