Առաջարկվում է սահմանափակել շահումով խաղերի վերաբերյալ գովազդները սահմանային անցակետերում եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար: Այս մասին ասել է պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ ՀՀ ԱԺ մայիսի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողի խոսքով վերջին տարիներին թեեւ բավականին սահմանափակումներ են սահմանվել ոլորտը գովազդող կարգավորումներում, բայց եւ սահմանափակումների անհրաժեշտություն դարձյալ կա: Նշվել է, որ վերջին ժամանակներում սահմանային անցակետերում, ինչպես նաեւ չորս եւ բարձր աստղի կարգին համապատասխան հյուրանոցներում գովազդային վահանակների վրա տարբեր խաղային բիզնեսների, խաղատների, շահումով խաղերի հեռարձակվող գովազդի գերակշռող աճ է նկատվում: Նարեկ Ղահրամանյանի դիտարկմամբ այն
բացասաբար է ազդում նաեւ Հայաստանի՝ որպես հազարամյա պատմությամբ, մշակույթով հարուստ երկրի նկարագրի վրա: Նախագծի հեղինակը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով առաջարկվող սահմանափակումներին: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը: Հարակից զեկուցող Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ օրենսդրական նախաձեռնությունը համահունչ է Կառավարության վարած քաղաքականությանը: