Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծեր

Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել կրթության բնագավառում տեսչական մարմնի վերահսկողության համապարփակ գործունեությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին գումարված նիստում ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ: Պետրոս Մարտիրոսյանի խոսքով կսահմանվեն կրթության բնագավառում տեսչական վերահսկողության շրջանակը, նպատակն ու խնդիրները: Օրենսդրական փաթեթով մանրամասն կարգավորվում են կրթության տեսչական մարմնի վերահսկողության ուղղություններն ու վերահսկողական գործիքակարգը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: Զեկուցողը տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում լրամշակվել է. վերաձեւակերպվել են կրթության բնագավառի տեսչական վերահսկողության նպատակներն ու խնդիրները, առավել շեշտադրվել է սովորողների կրթության իրավունքի, կրթության հասանելիության եւ կրթական ծրագրերի հնարավորությունների ապահովումը: Տեսչական մարմնի լիազորությունները վերաշարադրվել են ըստ կրթության բնագավառի առանձին ոլորտների, սահմանվել են տեսչական մարմնի վերահսկողության ուղղությունները, ինչպես նաեւ միասնականացվել են վերահսկողական գործիքներից տեսչավորման եւ դիտարկման կարգը սահմանող հոդվածները: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ

««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: Անդրադառնալով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված փոփոխություններին՝ հիմնական զեկուցողը նշել է, որ ձեւակերպվել է «կրթահամալիր» հասկացությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ գործող կարգավորմամբ յուրաքանչյուր կրթական մակարդակի համար սահմանված են հավաստագրման գործընթացներ: Փոխնախարարի խոսքով առաջարկվում է սահմանել միասնական հավաստագրման գործընթացի կարգն ու դադարեցման հիմքերը: Հիմնական զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին:



ԼՐԱՀՈՍ