Ներկայացվել են գերատեսչությունների` 2024 թվականի կատարողականները

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 19-ի նիստի օրակարգում էր նաեւ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: 2024 թվականին Շրջակա միջավայրի նախարարությունում մշակվել է 69 իրավական ակտ, որից չորսը` օրենք. այս մասին տեղեկացրել է նախարար Հակոբ Սիմիդյանը` հանձնաժողովին ներկայացնելով գերատեսչության նախորդ տարվա կատարած աշխատանքները: Զեկուցողը կարեւորել է ՀՀ ջրային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որի արդյունքում հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում լուծարման կամ կոնսերվացման աշխատանքները կատարելու են բացառապես շինարարության իրականացման լիցենզիա ունեցող անձինք` ջրօգտագործողի միջոցներով: Նախարարաի խոսքով 2024 թվականի հուլիսի 1-ից մակերեւութային եւ ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար նախատեսվել են տարբերակված վարչական տույժեր: Սահմանվել են Արարատի եւ Արմավիրի մարզերի այն համայնքները, որտեղ արգելվում է նոր հորատանցքերի, իսկ ձկնաբուծական նպատակներով նաեւ գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը: Գործարկվել է փաստացի ջրառի տվյալների առցանց փոխանցման միասնական հարթակը: Հակոբ Սիմիդյանը նշել է, որ արձանագրվել է Սեւանա լճի մակարդակի բարձրացում. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել է 1900 մ 39 սմ: Առաջին անգամ կատարվել են Սեւանա լճի ջրի որակի մոնիթորինգային աշխատանքներ: Նախարարի խոսքով շարունակվել են պետբյուջեից ֆինանսավորվող Սեւանի իշխանի պաշարների վերականգնման, ձկնաբուծության զարգացման, ինչպես նաեւ եզակի եւ էնդեմիկ համարվող Սեւանի կողակ ձկնատեսակի պոպուլյացիայի վերականգնման աշխատանքները: Բնության հուշարձանների գույքագրման աշխատանքները եւս շարունակվել են, հիմնադրվել է 9 հա նոր տնկարան: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նախ անդրադարձել է անցած տարի Լոռու եւ Տավուշի մարզերում հեղեղումների հետեւանքով հասցեագրված միջոցառումների իրականացման ու կատարման աշխատանքին, նշել, որ այդ գործընթացները շարունակական են լինելու նաեւ 2025-ին: Փոխնախարարը մանրամասնել է նաեւ բնական ռեսուրսների կառավարման, ավտոմոբիլային, օդային եւ երկաթուղային տրանսպորտի ուղղությամբ նախարարության կատարած միջոցառումները, ճանապարհաշինարարական, ջրային տնտեսության ոլորտի աշխատանքները: Համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաները 2025 թ. համար նախատեսվել է 98 մլրդ դրամ, որը 12,9 մլրդ դրամով ավելի է 2024-ին հատկացված 85,3 մլրդ դրամից: 2024 թվականին համայնքների բյուջե
ների փաստացի եկամուտները կազմել են 273 մլրդ դրամ` գերազանցելով 2023 թ. նույն ցուցանիշը 10 տոկոսով: Հանրապետության տարբեր բնակավայրերում 420 սուբվենցիոն ծրագիր եւ ենթածրագիր է իրականացվել` շուրջ 58,7 մլրդ դրամի չափով: Կառավարության տարբեր որոշումներով բյուջեից հատկացվել է 31,8 մլրդ դրամ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը ներկայացրել է հաշվետու տարում Էկոնոմիկայի նախարարության` գյուղատնտեսության մասով զեկույցը: 2024 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 958,8 մլրդ դրամ, նախորդ տարվա նկատմամբ աճը կազմել է 1,6 տոկոս, որից բուսաբուծությունը` շուրջ 455,6 մլրդ դրամ, նախորդ տարվա նկատմամբ աճը կազմել է 0,9 տոկոս: Անասնասնաբուծությունը կազմել է 503,2 մլրդ դրամ, նախորդ տարվա նկատմամբ աճը կազմել է 2,2 տոկոս: Փոխնախարարը նաեւ մանրամասներ է ներկայացրել իրականացված ծրագրերի վերաբերյալ: Նշվել է, որ դրանք շարունակվում են ընթացիկ տարում: Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին: Ոլորտային զեկույցներն ընդունվել են ի գիտություն: