Քննարկվել է արտադպրոցական կրթության բարելավման նախադրյալներ ապահովող նախագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է սահմանել լիազորող նորմ արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը սահմանելու վերաբերյալ: Մյուս փոփոխությունն ուղղված է արտադպրոցական հաստատությունների ֆինանսավորման կարգին: «Ներկայում գործում են արտադպրոցական կրթություն իրականացնող համայնքային և պետական ենթակայության տարբեր հաստատություններ, մասնավորապես՝ 238-ը՝ արվեստի, 174-ը՝ սպորտի ոլորտում: Այս ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը խիստ տարբեր է՝ պայմանավորված ենթակայությամբ: Նախատեսում ենք ունենալ լիազորող նորմ, որով կկարգավորվեն պետական բյուջեից ֆինանսավորման ընթացակարգերը»,- նշել է Արաքսիա Սվաջյանը: Նրա խոսքով՝ մյուս փոփոխությունը վերաբերում է արտադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությանը: Օրենքով սահմանվում է, որ դրանք պարտադիր պետք է երաշխավորված լինեն: Սա հատկապես կարևոր է քաղաքացիների՝ եկամտային հարկից սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու հնարավորության ընդլայնման տեսանկյունից: Անդրադառնալով սոցիալական կրեդիտի վերադարձին՝ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ ԿԳՄՍ նախարարությունն արդեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեին է փոխանցել բոլոր ուսումնական հաստատությունների ցանկերը, այդ թվում՝ արտադպրոցական հաստատությունների, մասնավոր մանկապարտեզների, դպրոցների, որոնց ծառայությունների դիմաց կատարած վճարները ենթակա են վերադարձի: Ընդ որում՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունների պարագայում փոխհատուցման է ենթակա միայն անկանխիկ եղանակով կատարած վճարը: Նախարարի տեղակալի խոսքով՝ այժմ շրջանառվում է նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերի երաշխավորման կարգը, որում հստակեցվել է, թե դիմելուց հետո ինչ
ժամկետում և ինչ փուլերով է իրականացվելու փորձաքննության և երաշխավորման գործընթացը: Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծով առաջարկվում է նաև կարգավորել արտադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության ընթացակարգերը: Նա նշել է՝ ոլորտային առանձին օրենքներով սահմանված է նախադպրոցական, հանրակրթական, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների համար ներկայացվող հավաստագրման պահանջը: «Կրթության մասին» օրենքով առաջարկվում է մեկ միասնական ընթացակարգով կարգավորել հավաստագրման գործընթացը: Արաքսիա Սվաջյանի հիմնավորմամբ՝ երեխաների կրթության և դաստիարակության գործընթացում մտահոգիչ է արտադպրոցական կրթության ոլորտում առկա ոչ միասնական մոտեցումների կիրառումը: Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռևս խորհրդային տարիներին, և առ այսօր որևէ իրավական ակտով սահմանված չեն արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների անվանացանկերը։ Ներկայում գործող ֆինանսավորման բանաձևը հնարավորություն չի տալիս արտադպրոցական կրթության կազմակերպման գործընթացն իրականացնել միանման սկզբունքով, չի ապահովվում միջգերատեսչական պատշաճ համագործակցությունը, պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի թափանցիկության ապահովման բարելավման խնդիր կա: Օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել այն հիմնական դրույթները, նպատակները, խնդիրներն ու զարգացման ուղիները, որոնք համընդհանուր են արտադպրոցական կրթության ոլորտում և կարող են որակի բարելավման նոր նախադրյալներ ստեղծել։ Նախագիծը սահմանված կարգով ստացել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացություն: