Հանձնաժողովը քննարկել է ընդդիմադիր խմբակցության հեղինակած նախագիծը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Հեղինակն առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել ոչ պակաս պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը՝ սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Որպես պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներ՝ առաջարկվում է հիմք ընդունել տվյալ բյուջետային տարվան նախորդող տարվա երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով հաշվարկված, Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած պարենային եւ սպառողական զամբյուղների ամսական արժեքները: Առաջարկվում է նաեւ պարենային զամբյուղում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը եւ էներգետիկան, պարենային եւ սպառողական զամբյուղների ամսական արժեքները, միջին աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը վերապահել Կառավարությանը: Արծվիկ Մինասյանը նշել է, որ նախագծի նպատակը կենսաթոշակառուների եւ տարեց բնակչության սոցիալական պաշտպանվածության մակարդակի շարունակական բարելավումն է: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է Կառավարության բացասական տեսակետը: Քննարկման ընթացքում նշվել է, որ նախագծով առաջարկվող լրացումների անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով աշխատանքի եւ սոցիալական բնագավառում Կառավարությունն արդեն սահմանել է ռազմավարական նպատակ՝ մինչեւ 2026 թվականը քայլեր ձեռնարկելու նվազագույն կենսաթոշակի եւ կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնելու, համապատասխանաբար, պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին: Արծվիկ Մինասյանն ու Դավիթ Խաչատրյանը պատասխանել են պատգամավորների հարցերին: Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծը ստացել է բացասական եզրակացություն: Հանձնաժողովը ե

րկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթին: Հիմնական կարգավորումներն՝ այստեղ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ եղել են խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են: Հարցերը քննարկվել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 18-ի նիստում:



ԼՐԱՀՈՍ