Լիանա Հունանյան. Աշխատանքն ու կարիերան անցողիկ են, գլխավորն ընտանիքն է .banks.am

Մարտի 8-ին ընդառաջ -ը «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանի հետ զրուցել է մասնագիտական հաջողությունների, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու, մեծ աշխատակազմի հետ աշխատելու, ճանապարհորդելու եւ որդիների դաստիրակության մասին:-Լիանա, հիշո՞ւմ եք Ձեր առաջին աշխատանքային օրն ու ի՞նչ անհանգստություններ կամ վախեր ունեիք այդ ժամանակ:-Դա շատ վաղուց էր՝ 1998 թվականին: Պոլիտեխնիկական համալսարանում սովորելու տարիներին տուն վերադառնալիս հրապարակով էի անցնում, այնքան էի ցանկանում հենց այս տարածքում աշխատել (ծիծաղում է,-խմբ): Բյուզանդ փողոցում «Մելլաթ» բանկ էր գործում, որի գտնվելու վայրը շատ էի հավանում, ընկերուհուս ասացի. «Մի օր դուռը կծեծեմ ու կհարցնեմ՝ աշխատանք ունե՞ն»: Այդպես էլ արեցի, պարզվեց՝ հենց այդ պահին թափուր հաստիքներ ունեն եւ մասնագետներ են հավաքագրում: Երկու օրից մրցույթի մասնակցեցի եւ աշխատանքի ընդունվեցի:  Քանի որ իրանական բանկ էր ու այստեղ ծանոթներ չուներ, լավագույններին էր ընդունում, այդ տարիներին մեզ մոտ շատ էր ընդունված բարեկամներին եւ ընկերներին աշխատանքի տեղավորելը: Բանկում 2 տարի մնալուց հետո մտածեցի, որպեսզի կատարած աշխատանքս ավելի նպաստավոր լինի լայն հասարակության համար՝ պետք է ավելի հեռուն նայել։ Ուստի թողեցի բավական բարձր վարձատրվող աշխատանքս եւ ընդունվեցի Կենտրոնական բանկ, որտեղ զրոյից սկսեցի իմ ուղին: -Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք պետական համակարգում։ Աշխատել եմ Տիգրան Սարգսյանի հետ, ով այդ ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ էր։ Վարչապետ նշանակվելուց հետո ինձ առաջարկեց ղեկավարել կառավարության ֆինանսատնտեսագիտական վարչությունը։ Այդ տարիներից սկսվեց իմ աշխատանքը քաղաքական ասպարեզում։ 2010 թվականին այդ վարչության պետն էի, այնուհետեւ նշանակվեցի ֆինանսների փոխնախարար, ապա՝ գյուղատնտեսության նախարարի խորհրդական ու տեղափոխվեցի Մոսկվա, որտեղ ԵԱՏՄ-ի տնտեսաադմինիստրատիվ դեպարտապեմտի ղեկավարն էի: Վերադառնալուց հետո նորից բանկային համակարգում էի աշխատում ու առաջարկ ստաց միանալ «ԹԵԼ-ՍԵԼ»-ին: Բոլորս էլ գիտենք, որ մասնավորը պետության լեզուն մի քիչ դժվար է հասկանում, իսկ քանի որ ես պետական ոլորտում աշխատանքի բավական մեծ փորձ ունեմ՝ առաջարկվեց ղեկավարել տրանսպորտի նախագիծը: Հաճույքով համաձայնվեցի։-Փաստորեն Ձեր առաջին աշխատանքը ստացել եք համարձակ ու անվախ գործելու շնորհիվ, հետագայում այդ որակներն ինչպե՞ս են պետք եղել աշխատանքում։ -Համարձակությունն ամբողջ կյանքում է ինձ ուղեկցել, առանց դրա ոչինչ չէր ստացվի։ Կարծում եմ՝ կյանքիս ցանկացած որոշում պայմանավորված է եղել հենց համարձակությամբ, այն իմ անբաժանելի ընկերն է: Միշտ իմացել եմ, եթե մարդ երազանքներ ունի եւ գնում է դրանց հետեւից, պետք է ոչնչից չվախենա: Վախը մեր գլխավոր թշնամին է:-Ինչպե՞ս եք տարիների ընթացքում փոխվել ու ի՞նչ կարեւոր որակներ ձեռք բերել:-Հասկացել եմ, որ աշխատասիրությունը շատ հարցեր է լուծում, իսկ ժամանակի ընթացքում համբերություն եմ ձեռք բերել, որը երիտասարդ տարիներին չեմ ունեցել: Պարզապես պետք է մի փոքր համբերել եւ ամեն ինչ իր տեղը կընկնի։ Նաեւ սովորել եմ, որ մարդիկ տարբեր են լինում ու ամեն մեկն իր բանալին ունի, որն էլ անհրաժեշտ է գտնել:  -Իսկ ամեն աշխատավայրում ինչպե՞ս եք նոր հետաքրքրություն ու մարտահրավերներ գտնում, որ շարունակեք սովորել եւ աճել։ -Մարդն իր արթուն ժամանակի մեծ մասն անցկացնում է աշխատավայրում եւ այն դառնում է իր հիմնական միջավայրը: Մի հետաքրքիր հատկանիշ ունեմ՝ անկախ նրանից, թե ինչ կոլեկտիվ եմ գնում, փորձում եմ ինքս տրամադրություն ստեղծել ու մթնոլորտը փոխել դեպի լավը, որպեսզի ոչ միայն ինձ համար հաճելի լինի վերադառնալ այդտեղ, այլ նաեւ՝ իմ գործընկերներին։ Քանի որ վերջին տարիներին միշտ ղեկավար պաշտոններ եմ զբաղեցնում, ոչ միայն լավ աշխատանքի համար եմ պատասխանատվություն վերցնում, այլ նաեւ՝ միջավայրի։ Երբ աշխատանքի հաճույքով են գալիս, արդյունքներն էլ են բարձր լինում: Հաճախ եմ միջոցառումներ ու քաղաքից դուրս հանդիպումներ կազմակերպում, նպաստում ընտանեկան մթնոլորտի ստեղծմանը: Երբեք չեմ ընդունել «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը, կոլեկտիվը միշտ պետք է սիներգիայով աշխատի, համատեղ արդյունքը շատ ավելի մեծ պետք է լինի, քան առանձին ամեն մեկի հանրագումարը։ Միշտ եմ փորձել աշխատողներիս մոտ բարիդրացիական մթնոլորտ ստեղծել, որ իրենց ուշադրությունը կենտրոնացնեն լավ եւ որակով աշխատանքի վրա։-Ղեկավար լինելն իսկապես շատ բարդ է, պետք է կարողանալ մյուսներին էլ ոգեշնչել եւ ցույց տալ, որ գնահատում եք նրանց ջանքերը: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում: -Անկեղծությունն է օգնում, գովելիս կամ էլ դժգոհությունն արտահայտելիս միշտ անկեղծ ու արդար եմ լինում: Միշտ ասել եմ, որ լավ ու վատ աշխատողներին հավասար պարգեւատրելիս անառողջ մթնոլորտ ես ստեղծում ու դեմոտիվացնում: Բարի գտնվելով՝ որեւէ մեկին լավություն չես անում, հակառակը՝ այդ քայլից հետո արդյունքները վատանում են: Միշտ կոլեկտիվին առաջ մղողը լավ աշխատողներն են, ու հենց նրանց մոտիվացիան է պետք բարձր պահել: Բոլորի միջեւ հավասարության նշան դնելն ամենավատ բանաձեւերից մեկն է, որը նվազեցնում է արդյունավետությունը: Բայց թույլ ղեկավարները քննադատությունից վախենալով՝ այդպես են վարվում: Լավ աշխատակցին պարգեւատրելիս չեմ բացատրում, թե ինչի համար եմ անում, բայց  վատին միշտ ասում եմ. «Դու էլ ձգտիր, որ նույն արդյունքը գրանցես»։ Եվ հավատացեք, այդ մոտեցումն իր պտուղները տալիս է: Խոսելն իսկապես շատ կարեւոր է, եւ ժամանակ առ ժամանակ աշխատողը պիտի լսի գոհունակությանդ մասին, որ նույն կերպ էլ շարունակի գործել կամ ավելի կատարելագործվի: Միշտ հարցնում եմ. «Ինչո՞վ կարող եմ քեզ օգնել: Մոտեցիր, հարցրու, քեզ ավելի շատ ժամանակ կտրամադրեմ»։ Փորձում եմ իմ աշխատակիցներին փոխանցել այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք տարիների ընթացքում կուտակել եմ։ Այդ ամենը կառավարությունում աշխատելու տարիներից սկսվեց, որտեղ հին աշխատողների կողքին համալսարանն ավարտածներին էին ընդունում: Նրանց մոտիվացնելու համար պետք էր հետները շատ աշխատանք տանել, անընդհատ խոսել, բացատրել եւ օգնել։ Հիմա այդ երիտասարդները տարբեր ընկերություններում բարձր պաշտոններ են զբաղեցնում, հպարտանում եմ նրանցով ու մինչ օրս ընկերություն անում: Աշխատանքի վայրը փոխելուց հետո էլ շարունակում եմ գործընկերներիս հետ կապը պահել, այդպես շատ-շատ ընկերներ եմ ձեռք բերել: Նոր աշխատանքի անցնելիս հիշում եմ, որ կադրերի հսկայական բանակ ունեմ ու անհրաժեշտության դեպքում ցանկացած մասնագետ էլ կգտնեմ: -Ձեր կայացրած որոշումներից որո՞նք են սովորաբար ամենաբարդը եղել:-Միշտ եղել է աշխատանքից ազատելը։ Նման դեպքերում գործ ունես մարդու հետ, որն ընտանիք, պարտավորություններ եւ ֆինանսական խնդիրներ ունի: Պետք է ճիշտ ժամանակին ու տեղին խոսքեր ընտրել, որպեսզի հասկանա, թե ինչու ես այդ որոշումը կայացրել։ Միշտ փոխվելու եւս մեկ հնարավորություն եմ տալիս ու զգուշացնում այդ մասին: Բայց երբ ամեն ինչ նույնն է մնում, ստիպված եմ լինում հրաժեշտ տալ, դա ղեկավարի աշխատանքի ամենաբարդ հատվածն է: -Ասացիք՝ արդեն երկու տարի է, որ «ԹԵԼ-ՍԵԼ»-ում եք, ինչո՞վ է այն Ձեզ գրավել ու ի՞նչ նոր մարտահրավեր բերել Ձեր կյանք։-Տրանսպորտային նախագիծն իրականացնելու համար եմ միացել «ԹԵԼ-ՍԵԼ»-ին, այն բավականաչափ խոշոր է ու առնչվում է մեր բնակչության երեւի թե ամեն երրորդ անձին: Ծրագիրը բավական ռիսկային էր, քանի որ սխալվելը շատ թանկ կնստեր մեր ընկերության վրա, ուստի շատ բարձր պատասխանատվությամբ ենք մոտեցել աշխատանքին։ Միայն վերջին 20 օրերին եմ որոշակի հանդարտություն նկատում, քանի որ համակարգն արդեն հունի մեջ է ընկել: Մեր 400 հոգանոց մեծ թիմից իրոք տիտանական աշխատանք պահանջվեց, չկար մեկը, որ ներգրավված չլիներ: Հաշվի առնելով նախագծի պատասխանատվությունը՝ շատ ծանր օրեր ենք ունեցել։ Ինձ ճանաչողները գիտեն, որ համարյա ամեն ամիս «փախչում եմ» երկրից ու որեւէ տեղ մի քանի օրով լիցքավորվում: Ասում եմ. «Հարգելիներս, ես արդեն 8-րդ ամիսն է հանրապետությունից դուրս չեմ եկել» (ծիծաղում է,-խմբ), այս նախագիծն ասեք փոքր երեխաս է դարձել: Երբ հոկտեմբերի կեսին մետրոպոլիտենն ամբողջությամբ անցավ միասնական վճարային համակարգի, իմ առավոտը սկսվում էր ժամը 6:30-ին: Ամբողջ թիմի առավոտն է մինչ օրս այդ ժամին սկսվում եւ ավարտում վերջին ավտոբուսի հետ: Արդեն գիտենք, թե այն երբ է հասնում պարկ: -Եվ դա ե՞րբ է լինում։-Սովորաբար գիշերը ժամը 2-ին, ամբողջ ընթացքում արթուն ենք ու սպասարկում ենք: Այդ ամենի հետեւում մի մեծ կոլեկտիվ է կանգնած, եւ ես շնորհակալ եմ մեր աշխատակիցներին իրենց համբերության եւ հոգատարության համար։ Ամեն խնդիր լուծելիս տեսնում եմ յուրաքանչյուրի սերը մեր քաղաքի նկատմամբ: -Իսկ այդ բարեփոխումներն որքանո՞վ էին անհրաժեշտ եւ արդյո՞ք արդարացված չեն մարդկանց դժգոհությունները: -Հարցը կարելի է երկու մասի բաժանել, առաջինը ծրագրի ներդրումն է, որը մենք պարտավոր ենք կատարել: Համակարգը բարդ է այն առումով, որ բոլորին գոհացնել չես կարող: «ԹԵԼ-ՍԵԼ»-ն իր ողջ թիմով պարտավոր է այնպես անել, որ համակարգն անխափան աշխատի, փորձենք այն դարձնել էլ ավելի հարմարավետ եւ հանրությանը հնարավորինս շատ ինֆորմացիա տրամադրենք: Շատերի համար տարօրինակ կթվա, որ «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունը տրանսպորտային այս նախագծից որևէ լումա չի ստանում, հակառակը՝  մենք բավականին մեծ ներդրումներ ենք արել ընկերության հաշվին։ Այդուհանդերձ, տրանսպորտային ծրագիրը ընկերությանն աճելու, ընդլայնվելու, մասնագետների գիտելիքները զարգացնելու հնարավորություն է տալիս։ -Նորից վերադառնանք Ձեզ, ճանապարհորդելուց բացի որո՞նք են հանգստի Ձեր նախընտրած ձեւերն ու սիրելի վայրերը։-Հոբբիների բավական լայն շարք ունեմ, եւ ճամփորդելը գլխավորներից մեկն է: Մասնագիտություն ընտրելիս որոշեցի նախապատվությունը տալ այն աշխատանքին, որի դեպքում հաճախակի գործուղումների կմեկնեմ (ծիծաղում ենք,-խմբ), խորհրդային տարիներին դա աշխարհը տեսնելու միակ հնարավորությունն էր: Շատ հեռատես չէի ու չգիտեի, թե ապագայում մեզ ինչպիսի փոփոխություններ են սպասվում: Մի քանի գործուղում մեկնելուց հետո հասկացա, որ քաղաքը տեսնելու լավագույն ժամերին համաժողովների կամ էլ դասընթացների եմ մասնակցում, եւ ազատ եմ լինում միայն երեկոյան: Բայց Մոսկվայում ապրելու տարիներին ամեն ինչ փոխվեց, ուղեւորափոխադրումներն այնքան համակարգված ու բազմազան էին, որ ուրբաթ երեկոյան որեւէ երկիր էի մեկնում եւ կիրակի վերադառնում։ Յոթ տարի այնտեղ ապրել եմ ու որեւէ հանգստյան օր Մոսկվայում չեմ անցկացրել․ նախ վերադա

Լիանա Հունանյան. Աշխատանքն ու կարիերան անցողիկ են, գլխավորն...

ռնում էի Երեւան, որովհետեւ ընտանիքս ինձ հետ չէր ապրում: Իսկ երբ տուն չէի գալիս, սովորաբար նման բան ամիսը մեկ անգամ էր լինում, որեւէ երկիր էի մեկնում: Երեւի միայն Ավստրալիա ու աֆրիկյան որոշ երկրներ չեմ այցելել (ծիծաղում է,-խմբ): Իտալիայում շատ հաճախ եմ եղել ու այն ամբողջությամբ բացահայտել, շատ սիրելի վայրեր ունեմ, որտեղ անընդհատ գնում եմ: Ընկերներս էլ որեւէ տեղ մեկնելիս առաջարկում են միանալ ու միշտ սիրով համաձայնվում եմ: Ժամանակին սկսել էի տարբեր քաղաքների տեսարաններով հայտնի ձյունե գնդերով հուշանվերներ բերել, երբ դրանք տանը պահելու էլ տեղ չմնաց, հասկացա, որ կարոտելու դեպքում տոմս կգնեմ ու նորից կգնամ այցելության:  -Որտե՞ղ եք Ձեզ առավել ներդաշնակ ու հանգիստ զգում:- Իտալիայում, այն իր բազմազանությամբ է գրավում, չգիտեմ՝ Աստված այս երկրին ինչպես է այդքան գեղեցկություն, բնություն, ճաշակ, արվեստ ու նրբագեղություն շնորհել: Ամեն ինչը համադրված է մեկ վայրում: Նախորդ տարի ընկերուհիներով Վենետիկում էինք, արդեն հյուրանոցից դուրս էինք գրվում, երբ մի գերմանացի ասաց. «Այն եզակի քաղաքներից է, որ մեկ անգամ է պետք տեսնել», արձագանքեցի. «Բայց ինչո՞ւ մեկ անգամ»: Զարմացավ և հարցրեց․ «Իսկ ձեր ո՞ր այցելությունն է», պատասխանս էղավ՝ 5-րդ։ Նա էլ արձագանքեց․ «Ուրեմն ես էլ կվերադառնամ»։ -Իսկ ի՞նչ կանացի թուլություններ ու նախասիրություններ ունեք:-Շատ եմ սիրում սպորտով զբաղվել, շուրջ տասը տարի է թենիս եմ խաղում, 2 տարի է նաեւ դահուկային սպորտով եմ տարվել: Բոլոր կանանց պես ես էլ եմ սիրում գնումներ կատարել, բայց վերջերս ժամանակի սղության պատճառով հիմնականում առցանց եմ անում: Նախընտրելի խանութներ ունեմ, որոնց տեսականուն ծանոթանում եմ նախորոք։ Երբ լինում եմ արտերկրում, այցելում  եմ այդ խանութ և միանգամից գնում եմ իմ նախընտրած ապրանքը։ Այդպես շատ ժամանակ չեմ կորցնում։ Որքան էլ տարօրինակ հնչի, դրսում գնումներ անելն ավելի մատչելի է, քան մեզ մոտ: Ասեմ, որ ինձ հենց իմ գույներով են ճանաչում՝ վարդագույնի բոլոր երանգներով, պաստելային ու բաց գույներով: Գույների ընտրության առումով ինձ վրա Մոսկվայում ապրելու տարիները մեծ հետք թողեցին, այնտեղ բոլորն են նախընտրում բաց երանգները, իսկ սեւ կրում են միայն երեկոյան միջոցառումներին: -Իսկ ինչպիսի՞ մայրիկ եք եւ ո՞նց եք կարողանում ժամանակ գտնել նաեւ ընտանիքի համար:-Աշխատանքում ուրիշ մարդ եմ, տանը՝ մի փոքր այլ: Միշտ երեխաներիս ասում եմ, որ կարողանում եմ մեծ կոլեկտիվներ ղեկավարել, բայց ոչ իրենց (ծիծաղում է,-խմբ): Կարծում եմ՝ աշխատող ու պատասխանատու դիրք զբաղեցնող կանայք ինձ կհասկանան ու կընդունեն, որ ընտանիքում մենք մի փոքր թերանում ենք ու տանն ավելի քիչ ժամանակ անցկացնում: Օրը 24 ժամ ունի եւ այն պետք է բաշխել, բայց որպեսզի աշխատանքում հաջողության հասնես, քեզնից շատ ժամանակ է պահանջվում։ 7 տարի աշխատելով այլ երկրում՝ ամենակարևորը կարողացել եմ աշխատանքը համատեղել ընտանիքիս հետ․ շաբաթ և կիրակի օրերին ես եմ վերադարձել Երևան, իսկ դպրոցական արձակուրդներին՝ երեխաներն են եղել ինձ հետ։  Ծանր էր, բայց Փառք Աստծո շատ հոգատար մայրիկ ունեմ, որն ինձ միշտ թեւ ու թիկունք է եղել, երեխաներիս ծննդյան օրվանից ինձ օգնել է ու պահել նրանց: Տղաներիս ծնվելուց 3 ամիս անց վերադարձել եմ աշխատանքի: Միշտ ասել եմ, որ մայրիկիս շնորհիվ եմ հասել այս հաջողություններին, երբ երեխաներին դայակի մոտ ես թողնում, մտքերով միեւնույն է տանն ես մնում, իսկ մայրիկի դեպքում ամեն ինչ այլ է: Կարող է վատ հնչել, բայց նույնիսկ երբ երեխաներս հիվանդ են եղել, շարունակել եմ աշխատանքի գնալ, գովելի չէ, բայց եթե պատասխանատվություն եմ վերցնում, կամ պետք է դրանից հրաժարվեմ, կամ մինչեւ վերջ ստանձնեմ: Ես շատ պատասխանատու եմ ու պարտվել չեմ սիրում, ամեն նոր նախագիծ ինձ համար մարտահրավեր է, որպեսզի որեւէ մեկը չասի. «Լիանան էր ղեկավարում ու չստացվեց», դրանից վատ բան լինել չի կարող: Պարտություններ եւս լինում են, դրանց շնորհիվ սովորում ես չհուսահատվել եւ ավելի ես ուժեղանում: Բայց մեծ պարտություններ չունենալն ինձ համար սկզբունքային է:-Իսկ ընտանիքի հետ ի՞նչ նախասիրություններ կամ սիրելի զբաղմունքներ ունեք: -Երեխաներիս ու մայրիկիս հետ էլ ենք շատ երկրներում եղել։ Տարվա ընթացքում իմ այցելած ու ամենաշատ հավանած երկիր նաեւ միասին ենք մեկնում: Միշտ ուզում եմ լավագույն տեղերը նրանց էլ ցույց տալ: Բնականաբար, ընտանիքով գնալն այլ պատասխանատվություն է, բայց որեւէ երկիր երկրորդ անգամ այցելելիս ամեն ինչ արդեն ծանոթ է լինում եւ կենտրոնանում եմ անվտանգային հարցերի վրա:-Դաստիարակության ի՞նչ հստակ սկզբունքներ ունեք եւ ի՞նչ խորհուրդներ եք տալիս Ձեր որդիներին:-Մեծ տղաս 20 տարեկան է, փոքրը՝ 16 ու դեռ դպրոցում է սովորում: Հետաքրքիրն այն է, որ հարեւանի երեխան կարող է գալ ու մասնագիտության ընտրության կամ այլ հարցերի վերաբերյալ ինձնից խորհուրդ հարցնել, իսկ երբ տղաներիս եմ առաջարկում խոսել, պատասխանում են. «Մամա, մենք գիտենք», նրանց համար պարզապես իրենց մայրիկն եմ եւ ինձ այլ կերպ են ընդունում: Մի քիչ զղջում եմ, որ այս տարիների ընթացքում երեխաներին քիչ ժամանակ եմ հատկացրել, պարզապես այդպես է դասավորվել։ Գիտեմ, որ դրանում մեղքիս բաժինն ունեմ, եւ այնպես էլ չէ, որ տղաներն այդ մասին չեն արտահայտվել. «Դու կարող էիր ավելի շատ ժամանակ անցկացնել մեզ հետ»։ Բոլոր երեխաներն էլ իրենց մայրիկների կարիքը ավելի են զգում, եթե խոսքը այն զզվեցնող մայրերի տեսակի մասին չէ, որոնք անդադար ու ամեն հարցում միշտ խառնվում են: -Ձեր առջեւ ի՞նչ նպատակ եք դնում ու ինչի՞ եք ձգտելու առաջիկա տարիներին:-Թեւակոխել եմ մի ժամանակաշրջան, որ արդեն ցանկություններս երեխաներիս հետ են կապված։ Բնականաբար, ինձ երբեք չեմ անտեսում, իմ երազանքներն ու ցանկություններն էլ ունեմ, բայց ամենակարեւորը նրանց երջանիկ տեսնելն է: Երբ  մարդը երջանիկ է, նրա կյանքում ամեն ինչ հավասարակշռված է՝ աշխատանքի, ընտանիքի, սիրո ու մնացած հարցերում հաջողակ է: Բավական է դրանցից մեկը խարխլվի, ու ամեն ինչ խախտվում է: Գրքում եմ կարդացել, որ երբ այլազգիներն են ծնողական ժողով գնում, հետաքրքրվում ենք արդյոք իրենց երեխան երջանի՞կ է, իսկ մենք առաջին հերթին գնահատականների մասին ենք հարցնում: Երբեմն այդ մասին մոռանում ենք, դրա համար էլ իմ ամենամեծ երազանքը տղաներիս երջանիկ տեսնելն է:-Քանի որ այսօր Կանանց միջազգային տոնն է, ի՞նչ կմաղթեք Ձեզ ու բոլոր կանանց։-Ուզում եմ մեր կանայք իրենց կյանքում կարողանան գտնել այն հավասարակշռությունը, որի արդյունքում բաց չեն թողնի ոչ ընտանիքն ու սերը, ոչ էլ աշխատանքը: Եթե կինը երջանիկ է, երջանիկ է նաեւ նրա ընտանիքը, մայրիկը շատ մեծ դեր ու նշանակություն ունի բոլորի կյանքում: Մոր երջանկությունից է սկսվում ընտանիքի երջանկությունը, ուստի պետք է ամեն ինչ հավասարակշռության մեջ լինի, ինքս այն երբեմն խախտել եմ, ինչի համար զղջում եմ: Բայց վերջին տարիներին փորձում եմ այն վերականգնել, որովհետեւ հասկանում եմ, որ աշխատանքն ու կարիերան անցողիկ են, մնում են միայն ընտանիքն ու կողքիդ եղած սիրող մարդը: Վերջին հաշվով հենց դա էլ գլխավորն է մեր կյանքում:Զրույցը՝ Հասմիկ ԲաբայանիԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Լիանա Հունանյան. Աշխատանքն ու կարիերան անցողիկ են, գլխավորն...



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ