Միշել Թրախթենբերգ՝ «Gossip Girl»-ի և «Buffy»-ի դերասանուհին, մահացել է 39 տարեկանում
Միշել Թրախթենբերգը, ով հանրաճանաչ դարձավ որպես մանկական աստղ 1990-ականներին և 2000-ականներին, մահացել է 39 տարեկանում: Այս մասին BBC-ի ամերիկյան գործընկերոջը՝ CBS News-ին, հայտնել է Նյու Յորքի ոստիկանությունը: Ամերիկացի դերասանուհին առավել հայտնի էր «Buffy the Vampire Slayer» սերիալում Դոն Սամերսի՝ Բաֆֆիի կրտսեր քրոջ դերով, իսկ ավելի ուշ՝ 2007-2012 թթ. «Gossip Girl» սերիալում մարմնավորեց խարդախ հասարակության աստղ Ջորջինա Սպարքսի կերպարը: Ոստիկանության հաղորդմամբ՝ նրա մահվան մեջ կասկածելի հանգամանքներ չկան: Թրախթենբերգն իր առաջին դերը կինոյում ստանձնել է 1996 թվականին «Harriet the Spy» ֆիլմում, նաև հայտնվել է Nickelodeon-ի մի շարք նախագծերում: Մանհեթենի ոստիկանությունը տեղեկացրել է, որ չորեքշաբթի առավոտյան ստացել է շտապ կանչ և գտել է Թրախթենբերգին «անգիտակից և անարձագանք վիճակում»: Նա «մահացած է հայտարարվել դեպքի վայրում»: «Հանցավորություն չի կասկածվում: Դատաբժշկական փորձագետը կորոշի մահվան պատճառը: Հետաքննությունը շարունակվում է»,- նշել է NYPD-ն: Թրախթենբերգը դերասանական կարիերան սկսել է երեք տարեկանում Nickelodeon-ի «The Adventures of Pete & Pete» հեռուստասերիալում: 2000-ականների սկզբին նա առա
ջադրվել է մի շարք դերասանական մրցանակների, այդ թվում՝ Daytime Emmy Award-ի՝ «Buffy the Vampire Slayer»-ում իր դերի համար: Նա նաև նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «EuroTrip»-ը, «Ice Princess»-ը, «Killing Kennedy»-ն և «Sister Cities»-ը: Թրախթենբերգը «Gossip Girl»-ում առաջին անգամ հայտնվեց 2008 թվականին: Նա վերադարձավ այդ դերին HBO Max-ի վերակենդանացման երկրորդ եթերաշրջանի երկու էպիզոդներում 2023 թվականին: Նրա վերջին խոշոր դերը 2021 թվականին «Meet, Marry, Murder» իրական հանցագործությունների մասին պատմող փաստագրական սերիալի հաղորդավարությունն էր, որը հեռարձակվել է Tubi թվային հարթակում: 2021 թվականին Թրախթենբերգը մեղադրեց «Buffy the Vampire Slayer»-ի ստեղծող Ջոս Վեդոնին հրապարակային անպատշաճ վարքի մեջ՝ հետևելով իր գործընկեր Քերիզմա Քարփենթերին,
ով հայտարարել էր, որ տրավմայի է ենթարկվել Վեդոնի վերաբերմունքի պատճառով: