Օրենսդրական նախաձեռնության նպատակն է կարգավորել պաշտամունքային կառույցների օտարման իրավահարաբերությունները
Օրենսդրական նախաձեռնության նպատակն է կարգավորել պետության եւ հասարակության համար մեծարժեք նշանակություն ունեցող որոշակի հուշարձանների, մասնավորապես, պաշտամունքային կառույցների օտարման իրավահարաբերությունները: Պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ի հերթական նիստում: Հիմնական զեկուցող Թագուհի Ղազարյանի ներկայացմամբ առաջարկվող փոփոխությունները բխում են հուշարձանների նկատմամբ վարած պետական քաղաքականությունից: Հիմք ընդունելով պաշտամունքային կառույցների առանձնահատկությունները, դրանց ինքնատիպությունը՝ կարեւորվել է օտարման դեպքում ապահովել հնարավորություն Կառավարությանը համաձայնություն տալու կամ մերժելու գույքային իրավունքները հատուցմամբ կամ անհատույց փոխանցելու վերաբերյալ գործարքները: Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը նշել է, որ Կառավարությունը ներկայացված օրենսդրական փաթեթի
վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի՝ հավելելով, որ այն տրամաբանական շարունակությունն է գործող օրենքներում առկա կարգավորումների: Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: Այն առաջարկվել է ներառել 11-րդ նստաշրջանի եւ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում: