Ակադեմիական միջավայրում առաջխաղացումը պետք է հիմնված լինի բացառապես արժանիքների վրա․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներին

Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հանդիպել է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու խմբերի շուրջ երեք տասնյակ ղեկավարներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով հյուրերին և շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ներդրած ջանքերի համար: Նա ընդգծել է՝ Կառավարությունը խթանում է կանանց ներգրավվածությունը հետբուհական կրթության մակարդակում՝ կարևորելով նաև հետագայում կանանց գիտական և հետազոտական գործունեությունը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պետությունը շարունակելու է ապահովել այնպիսի պայմաններ, որոնցով գիտությամբ և հետազոտությամբ հետաքրքրված յուրաքանչյուր ոք կկարողանա իրացնել իր ներուժը, ստեղծագործել, փորձարկել, բացահայտել և առաջնորդել նորարարության ոլորտում: «Գիտությունն, իհարկե, սեռ չի ճանաչում, բայց վստահ եմ՝ յուրաքանչյուրս իր անձնական փորձառությունից կարող է դրվագներ նշել, որոնք կփաստեն, թե ինչպես է այս կամ այն պարագայում կին լինելու հանգամանքը որոշակի բարդություն կամ հարցադրում առաջացրել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կին հետազոտողներին մաղթելով նորանոր գիտական նվաճումներ, հաջողություններ և անսպառ ներշնչանք: Հայաստանում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատողների կեսից ավելին՝ 52 տոկոսը, կանայք են, մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ աշխարհում այդ ցուցանիշը միջինում կազմում է 33,3 տոկոս: Այդուհանդերձ՝ թեև հայաստանյան գիտական համայնքում կին ու տղամարդ գիտաշխատողների մասնաբաժինը գրեթե հավասար է, գիտության ոլորտում ղեկավար պաշտոն զբաղեցնողներից միայն մեկ քառորդն են կանայք։ Գիտության մեջ կին ղեկավարների ներգրավվածությունը խթանելու նպատակով վերջին 4 տարիների ընթացքում գիտության ոլորտի ղեկավար պաշտոններում կանանց կարողությունների զարգացմանն ուղղված 2 դրամաշնորհային մրցույթ է անցկացվել։ Դրամաշնորհային երկու մրցույթների արդյունքում կին գիտնականների ղեկավարությամբ ֆինանսավորման է երաշխավորվել համապատասխանաբար 15 և 31 նախագիծ, որոնցից 27-ը՝ ԲՏՃՄ մասնագիտություններով։ Դրամաշնորհները տրվում են 36 ամիս տևողությամբ՝ 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին։ Առավելագույն բյուջեն 1-ին մրցույթի դեպքում կազմել է 36, իսկ երկրորդի դեպքում՝ 45 մլն դրամ։ Դրամաշնորհային ծրագրի կարևոր պայմաններից է գործունեությունը Հայաստանում ծավալելու պահանջը։ Անդրադառնալով գիտության ոլորտում որդեգրած պետական քաղաքականությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գիտության ոլորտում պետական քաղաքականության նոր մոտեցումը, որի կարևոր բաղադրիչներից է նաև գիտական կադրերի ատեստավորումը, լրացնելու է բազմաթիվ բացեր՝ խրախուսելով գիտական և հետազոտական գործունեության ակտիվությունը։ «Պետք է հետևողական լինենք, որ ակադեմիական միջավայրում առաջխաղացումը հիմնված լինի բացառապես գիտական արժանիքների վրա՝ բացառելով այլ գործոններ»,- ասել է նախարարը։ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ևս շնորհավորել է կին գիտնականներին՝ նշելով, որ կարևոր է նաև սերնդափոխության խնդիրը, ինչն առաջիկա 5-10 տարիների ընթացքում անհրաժեշտ է ապահովել ամբողջ համակարգում, հատկապես՝ ղեկավար պաշտոններում։ Հանդիպման մասնակիցները հակիրճ ն

երկայացրել են իրենց գիտական գործունեությունը՝ հետազոտության թեմաները, ձեռքբերումները, ինչպես նաև գործունեության ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները։ Նրանք հատկապես կարևորել են ուսանողներին գիտական ոլորտը գայթակղիչ դարձնելու, մոտիվացիան բարձրացնելու, գիտական դրամաշնորհների տրամադրման ժամկետները և ողջ գործընթացն առավել ճկուն կազմակերպելու հարցերը։ Գիտնականները նշել են, որ գիտության մրցունակության բարձրացմանը և ոլորտի հանդեպ երիտասարդների հետաքրքրության աճին էապես նպաստում է ժամանակակից լաբորատորիաների ստեղծումը, ինչը նպաստում է նաև միջազգային գործընկերների հետաքրքրության բարձրացմանը: Նրանք վստահեցրել են, որ իրենց գործունեության ընթացքում շարունակաբար խրախուսում են ուսանողներին զբաղվել գիտությամբ՝ այն հաստատակամությամբ, որ իրենք պետք է հարստացնեն գիտությունը սեփական նորարար մտքերով և ներդրմամբ։ Ամփոփելով հանդիպումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջնային է համարել կին գիտնականների գործունեության հանրային տեսանելիության բարձրացումը՝ ընդգծելով, որ նրանք լավ օրինակ կարող են համարվել. «Ձեզնից յուրաքանչյուրն իր կերպարով և անձնական օրինակով հաջողության պատմություն է կերտել՝ փաստելով, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են, իսկ հանգամանքներն ու խոչընդոտները՝ պայմանական»: Հանդիպման ընթացքում ծավալվել է շահագրգիռ քննարկում գիտության ոլորտի զարգացման, գիտական արդյունքի կիրառելիության, առկա խնդիրների, պետական ֆինանսավորման ծավալների և այլ հարցերի շուրջ։ Նշենք, որ Միացյալ ազգերի կազմակերպությունը փետրվարի 11-ը հռչակել է որպես Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր 2015 թվականին: Որոշումն ընդունվել է՝ կարևորելով կանանց նշանակալի դերը գիտության ոլորտում և նպատակ ունենալով խրախուսելու նրանց հետագա ակտիվ ներգրավվածությունը գիտական և գիտատեխնիկական գործունեության ասպարեզում:
