Աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխությունների վերաբերյալ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի` փետրվարի 7-ին կայացած արտահերթ քննարկմանն անդրադարձ է եղել ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխություններին: Քննարկմանը մասնացել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Կառավարությունից, ՓՄՁ-ներից: ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը բարձրաձայնել է Հարկային օրենսգրքում ընդունված փոփոխությունների վերաբերյալ շահառուների դժգոհությունը: Նրա խոսքով 2023 թվականին Հարկային օրենսգրքում ՊԵԿ-ի նախաձեռնած փոփոխություններով շրջանառության հարկ վճարողները պետք է վարեն իրենց ապրանքային մնացորդի եւ պահեստի հաշվառում: Հակառակ պարագայում վերջիններս կտուգանվեն: «Դրան հաջորդեց 2024 թվականի հունիսին ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փաթեթը, որով կրկնակի բարձրացավ շրջանառության հարկի դրույքաչափը»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել` փոփոխությունը վերաբերում է 55 հազարից ավելի տնտեսավարողների գործունեությանը: Հակոբ Ավագյանը մեջբերել է Կառավարության 2020 թվականի որոշումը, ըստ որի` պարտադիր է, որ օրենքներն ընդունելուց առաջ կատարվի դրանց ազդեցության գնահատում: Հակոբ Ավագյանը նաեւ ընդգծել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների վերաբերյալ չեն կազմակերպվել հանրային քննարկումներ: Ասոցիացիայի ղեկավարն առաջարկել է վեց ամսով հետաձգել օրենքի ուժի մեջ մտած ժամկետը, ինչպես նաեւ անհրաժեշտ համարել լայնամասշտաբ իրազեկումը: Տնտեսավարողների խոսքով հարկային փոփոխությունների հետեւանքով կբարձրանա ապրանքի գինը, կնվազի սպառումը, ոլորտն անկում կապրի: Ոսկու առեւտրով զբաղվողի պնդմամբ ոսկու վաճառքի 90 տոկոսն ապահովում է օտարերկրյա գնորդը: Այս համատեքստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ ոլորտի ներկայացուցիչները պետք է մտածեն օրենսդրությամբ առաջարկվող բազմազան գործիքների կիրառման մասին: Կառավարության ներկայացուցիչը հորդորել է տնտեսավարողներին «Tax free» համակարգի կիրառմամբ ազատվել ավելացված արժեքի հարկից: Փոխնախարարն ընդգծել է, որ Կառավարությունում քննարկվում է ավելացված արժեքի հարկման համակարգը ոսկ

երչության եւ ադամանդագործության համար գրավիչ դարձնելու հարցը: Օրենսդրական գործիքակազմերի շարքում հաջորդ կարգավորումը վերաբերում է փաստաթղթավորմամբ իրականացվող վաճառքին: ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի խոսքով փաստաթղթով վաճառքը նույնիսկ կարող է շահավետ լինել վաճառողի համար: «Փոփոխության արդյունքում, եթե նույնիսկ փաստաթղթավորման դեպքում հումքը թանկանա, դրա արդյունքում կարող է այնպես ստացվել, որ հարկը վճարվի ոչ թե 5, այլ 1 կամ 2 տոկոս»,- ընդգծել է զեկուցողը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, կարեւորելով նմանատիպ քննարկումները, նշել է, որ մի քանի ժամ տեւած հանդիպման ընթացքում տնտեսավարողները ներկայացրին իրենց խնդիրներն ու դիտարկումները, որոնց մի մասին տրվեցին պարզաբանումներ: Որոշ առաջարկներ էլ կգույքագրվեն եւ կքննարկվեն Կառավարության գործընկերների հետ: Պատգամավորը հավաստիացրել է, որ փոփոխություններով Կառավարությունը նպատակ չունի ավելացնել բյուջեի մուտքերը: «Բյուջեն պետք է ծառայի տնտեսությանը եւ բխի տնտեսական քաղաքականությունից: Եթե առաջանում են որոշակի խնդիրներ, դրանք քննարկվում են»,- եզրափակել է Բաբկեն Թունյանը:



ԼՐԱՀՈՍ