Կառավարության նախաձեռնությունը կքննարկվի առաջիկայում գումարվելիք ԱԺ արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հիշեցրել է, որ Կառավարությունն առաջարկում է պետական եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարումներն իրականացնել էլեկտրոնային աճուրդի միջոցով, ինչպես նաեւ որպես մեկնարկային գին համարել հողերի ոչ թե կադաստրային, այլ՝ գնահատված շուկայական արժեքը: Զեկուցողը նշել է, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացվել են առաջարկներ, որոնք հիմնականում խմբագրական բնույթի են: Բովանդակային առաջարկ ներկայացվել է Հողային օրենսգրքի՝ աճուրդների կազմակերպմանը վերաբերող հոդվածի առնչությամբ: Գործադիրն առաջարկում է՝ աճուրդը, բացառությամբ Հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի, կազմակերպի համայնքի ղեկավարը՝ էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Կառավարության սահմանած կարգին համապատասխան: Բացառությունը, ըստ փոխնախարարի, վերաբերում է պետական հողերին, որոնց օտարումն արդեն իրականացվում է Պետական գույքի կառավարման կողմից՝ էլեկտրոնային աճուրդի եղանակով: «Ներկայացված օրենքը ոչ թե հնարավորություն է ստեղծում պետական եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողերն էժան վաճառել, այլ այն փակում է նման հնարավորությունների ճանապարհը»,- անդրադառնալով Հողային օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագծին՝ ասել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը: Նա հավելել է, որ առաջարկվում է պետական եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային կարգով օտարումների պարագայո
ւմ պարտադիր կիրառել գնահատման գործընթաց՝ գնահատման կազմակերպության միջոցով: «Գնահատող կազմակերպությունների ռիսկը, իհարկե, գոյություն ունի, բայց օրենքում նշված է, որ գնահատող կազմակերպությունները չեն կարող հողերի կադաստրային արժեքից ցածր գին գնահատել»: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենսդրական փաթեթին: Կառավարության նախաձեռնությունը կքննարկվի Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 16-ին գումարվելիք արտահերթ նիստում: