Կստեղծվեն նպաստավոր պայմաններ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար
Օրենքի նախագծով առաջարկվում է 2026 թվականի ընթացքում հնարավորություն տալ էլեկտրական շարժիչով մեքենաներ ներմուծել առանց ԱԱՀ-ի՝ բացառությամբ բեռնատար մեքենաների Պատգամավորներից ստացանք առաջարկություններ՝ ավելացնել նաեւ բեռնատար էլեկտրաշարժիչով մեքենաները, դրանք եւս ավելացվել են այդ ցանկում. ասել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ օրենքի նախագծով նախատեսվող ժամկետների, ներմուծվող մեքենաների արտադրության տարեթվերի, դիլերներին տրամադրվելիք քվոտաների վերաբերյալ: Նախագծի ընդունմամբ կստեղծվեն նպաստավոր պայմաններ երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ կարեւոր քայլ է կատարվում: Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն կքննարկվի դեկտեմբերի 16-ին գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստում: