Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ
Նախատեսվում է պետական եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարումների պարագայում կարգավորել ցածր գներով հողամասերն աճուրդով վաճառելու մեկնարկային գինը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 26-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ
լրացումներ կատարելու մասին» եւ ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ: Մասնավորապես, նախատեսվող փոփոխությունները վերաբերելի են պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի էլեկտրոնային աճուրդով վաճառքի մեկնարկային գնի վերանայմանը, ինչպես նաեւ աճուրդն էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպմանը եւ անցկացմանն առնչվող դրույթներին: Մանրամասն ներկայացնելով առաջարկող կարգավորումները՝ հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին: Արմեն Սիմոնյանը նշել է, որ էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա հողերի էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ու անցկացման լրացուցիչ պայմանները սահմանում է Կառավարությունը: Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: