Քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղությունները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել Հայաստանում կրթական լայնածավալ բարեփոխումների շրջանակում ETF-ի հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել այն տարբեր ուղղություններով շարունակելու մասին: Հանդիպման առանցքում Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագիրն էր (Supporting Education Reforms and Skills in the Eastern Partnership (SER)): Ծրագիրը եռամյա է՝ 2024-2026 թվականների համար, մեկնարկել է 2024 թվականի մայիսից: ETF-ի և ազգային փորձագետների կողմից մշակվել է կրթական բարեփոխումների ընթացքի գնահատման զեկույց՝ համաձայն
RED (կրթության արագ ախտորոշման) մեթոդաբանության: Գործընկերներն ընդգծել են, որ SER ծրագրի շրջանակում ակնկալվում է նպատակային գործողությունների միջոցով հզորացնել Արևելյան գործընկերության երկրների կարողություններն ու քաղաքականությունների մշակման ու իրագործման գործընթացները՝ համադրելով յուրաքանչյուր երկրին հատուկ նախաձեռնությունները, ինչպես նաև իրականացնելով փոխադարձ ուսուցում և ցանցային համագործակցություն: Առանցքային ոլորտներն են՝ կրթական ոլորտի վերլուծություններն ու տվյալների հիման վրա որոշումների ընդունումը, ուսուցիչների մասնագիտական զարգացումը, դպրոցների օպտիմալացումը, ոլորտային և բյուջետային պլանավորումը, ինչպես նաև ոլորտի արդյունավետության մոնիթորինգը և գնահատումը։ Նախարարը շեշտել է, որ հետազոտության արդյունքները կ
օգնեն հասկանալ դրանցից բխող հետագա քայլերը՝ հատկապես հաշվի առնելով, որ այժմ ընթացքի մեջ է կրթության ռազմավարության միջանկյալ գնահատման փուլը: Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: