Քննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունը

«Տեսալսողական մեդիայի մասինե օրենքում փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից: Նախաձեռնության հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը եւ Սիսակ Գաբրիելյանը: Թագուհի Ղազարյանի խոսքով այս պահին հանրային միջոցներով սպասարկվում է հինգ հեռարձակում: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ ֆինանսական միջոցներն առավել արդյունավետ կբաշխվեն: Ըստ համահեղինակի՝ նախորդիվ հանրային հեռարձակողներից՝ մեկ ՍՊԸ-ից տարիների ընթացքում պետությունը շուրջ երեք մլրդ դրամի գնումներ է կատարել առանց մրցույթի: Զեկուցողի կարծիքով այսուհետ այդ միջոցները կարող են առավել արդյունավետ ծախսվել: Նշվել է, որ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը կրթական, մշակութային բովանդակության համար նախատեսված միջոցները բաշխելու է մուլտիպլեքսի բոլոր հեռուստաընկերութ

յունների միջեւ: «Բոլոր հեռուստաընկերությունները հավասար մրցակցային հնարավորություն կունենան այդ հանրային միջոցներից օգտվելու եւ ապահովելու մշակութային եւ կրթական բովանդակությամբ բազմազանություն»,- ընդգծել է Թագուհի Ղազարյանը: Նա բարձրաձայնել է, որ նախաձեռնությունը մանրամասն քննարկվել է գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական  հանձնաժողովի նիստում, բովանդակալից ու կառուցողական առաջարկներ են ստացվել պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Կառավարությունը նույնպես հավանության է արժանացրել նախաձեռնությունը: Այս մասին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների դիտարկումներին՝ զեկուցողը փաստել է՝ ներկայացված նախագիծը որեւէ հեռուստաալիք  փակելու մասին չէ: «Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին, որպեսզի հանրային հեռարձակողն առնվազն 3-ի փոխարեն 2 սլոթ ունենա»,- նշել է նախարարը:



ԼՐԱՀՈՍ