Օրենսդրական նախաձեռնության ընդունման նպատակն է ապահովել պետական պարտքի կարգավորման արդիական համակարգ

ՀՀ ֆինանսների նախարարությունն ակտիվ համագործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որպեսզի ֆինանսների կառավարման ցուցանիշների հաշվառումն ու հաշվետվությունները, համաձայն միջազգային ընդունված չափանիշների, ճիշտ արտացոլված լինեն: Այս մասին ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 13-ի նիստում: Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ Ավագ Ավանեսյանի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վերլուծություններ կատարելիս պարզվել է, որ ՀՀ-ում ԿԲ արտաքին պարտքը եւ երաշխիքները հաշվառվում են որպես պետական պարտք, իսկ համայնքային պարտքը՝ որպես պետական համախմբված պարտք, ներկայացված չէ, ինչը հակասում է միջազգայնորեն սահմանված չափանիշներին: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերանայել «պետական պարտք» հասկացությունը՝ դրանում բացառելով Կենտրոնական բանկի արտաքին պարտքն ու պետական երաշխիքը եւ ներա

ռել համայնքների պարտքը: Նախատեսվում է ամրագրել պետական արտարժույթային պարտատոմսերի թողարկման հստակ լիազորություններ Ֆինանսների նախարարության համար: Օրենսդրական նախաձեռնության ընդունման նպատակն է ապահովել պետական պարտքի ոլորտի կարգավորման արդիական համակարգ՝ միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին համահունչ, ինչպես նաեւ նորմատիվ իրավական կարգավորմամբ լուծել գործնականում ի հայտ եկած եւ օրենսդրական կարգավորում պահանջող հարցերն ու խնդիրները: Ավագ Ավանեսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ «պայմանագրային պայմանական պարտավորություն» հասկացության, ինչպես նաեւ նախատեսվող կարգավորումների վերաբերյալ: Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:



ԼՐԱՀՈՍ