«Երևանը կառուցում է սեփական թվային ապագան». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել «ԴիջիԹեք 2025»-ի բացման արարողությանը: Այս տարի քաղաքն առաջին անգամ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այս խոշոր նախաձեռնությանը: Երևանի քաղաքապետարանը տեխնոլոգիական կարևորագույն այս իրադարձությանն ունի նաև իր՝ «Երևան» տաղավարը, որտեղ ներկայացված են մեր քաղաքում իրականացվող տեխնոլոգիական և խելացի լուծումները։ «Այսօր Երևանը ոչ միայն հյուրընկալում է DigiTec-ին, այլև ներկայացնում է իր տեխնոլոգիական ճանապարհը որպես քաղաք, որն արդեն կառուցում է սեփական թվային ապագան։ Մեր ներգրավվածությունն այս տարի առավել ընդգծված է։ Մենք DigiTec-ի կողքին ենք որպես գործընկեր, որը կարողացել է ներդնել նորարարությունը քաղաքային կառավարման մեջ։ Տեխնոլոգիաները մեզ համար գործիք են՝ քաղաքը դարձնելու ավելի արդյունավետ, ավելի կանաչ, ավելի մարդակենտրոն։ Այս օրերին մենք ներկայացնելու ենք նաև Երևանի թվային լուծումները՝ GIS համակարգը, «Ակտիվ քաղաքացի» հարթակը, էլեկտրոնային ծառայությունները, խելացի տրանսպորտի և կառավարման
համակարգերը։ Սրանք թվայնացման ռազմավարության առանձին ծրագրեր չեն, այլ նոր հանրային կառավարման մշակույթի միասնական մտածողության արդյունք, որտեղ տեխնոլոգիան ծառայում է մարդու հարմարությանը, քաղաքային կյանքի որակին և թափանցիկությանը։ Երևանն այսօր ապացուցում է, թե ինչպես կարող է տեխնոլոգիան իրականում փոխել քաղաքային կյանքը։ Ուրախ եմ, որ DigiTec-ը միավորում է պետական, մասնավոր և միջազգային գործընկերներին։ Այս համագործակցությունն է, որ բացում է նոր հնարավորություններ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի համար՝ գաղափարների, փորձի և համատեղ նախագծերի միջոցով»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպիչներին, թիմերին ու գործընկերներին, ովքեր ներդրում ունեն այս միջավայրի ձևավորման գործում: Միջոցառումն այս տարի կանցկացվի անդադար՝ երեք օր, երեք գիշեր ձևաչափով՝ «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» սկզբունքով՝ հ
ոկտեմբերի 10-12-ը։