Ամփոփվել է ԱրարատԲանկի հովանավորությամբ անցկացվող «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթը .banks.am

Ավագ դպրոցի աշակերտների համար անցկացվող «Այլագիր» կոդավորման մրցույթը «Անտրոհուս» կրթական հիմնադրամի նախագծերից է, որն անցկացվում է արդեն երկրորդ տարին։ Այս տարի մրցույթը, որի գլխավոր հովանավորն ԱրարատԲանկն էր, տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։Երեւանի եւ մարզերի ավագ դպրոցի աշակերտներն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաները ներկայացրել են ավելի քան 150 հայտ, սակայն եզրափակիչ փուլ է անցել ընդամենը 16-ը։ Մասնակիցները՝ ուսուցիչների մենթորությամբ, ինտերակտիվ նախագծերի միջոցով վերհանել են զանազան խնդիրներ եւ առաջարկել լուծումներ։Տաղանդների հայտնաբերումը, մասնագիտական ուղղորդումն ու Հայաստանում գիտահետազոտության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը «Անտրոհուս» կրթական հիմնադրամի նպատակներից են։  ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը համոզված է, որ կրթական եւ մշակութային ծրագրերի ապակենտրոնացումը կարեւոր դեր ունի մարզերի զարգացման համատեքստում․ «Այսօր այն բիզնեսները, որոնք գործում են տարբեր համայնքներում, ծառայություններ մատուցելուց զատ պարտավոր են այլ արժեքներ ստեղծել։ Այս տեսանկյունից ԱրարատԲանկը դիրքավորվում է որպես սոցիալապես պատասխանատու կառույց, որի սոցիալական պատասխանության ծրագրերի պորտֆելի շուրջ 50%-ը կազմում են կրթական ծրագրերը, որոնց շուրջ համագործակցում ենք տարբեր հիմնադրամների եւ հասարակական կազմակերպությունների հետ»։«Անտրոհուս» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ավագ Սայանը նշել է, որ տարեցտարի ավելի մեծ զարգացում եւ աճ է տեղի ունենում աշակերտների շրջանում։«Նրանք փորձում են լուծել հիմնախնդիրներ․ այսինքն, վերցնում են ՄԱԿ-ի կողմից սահմանված կայուն զարգացման հիմնախնդիրները կամ մեր երկրում իրենց համայնքի հետ կապված որեւիցե հիմնախնդիր եւ փորձում գտնել այդ հիմնախնդրի լուծումը։ Եվ այստեղ կոդավորումը եւ ծրագրավորումը հանդես են գալիս ոչ թե որպես նպատակ, այլ միջոց»,- ասել է Ավագ Սայանը։  Միջոցառումն ավարտվել է մրցույթի երեք անվանակարգերի ամփոփմամբ՝ Տվյալների տեսապատկերում եւ վերլուծություն Snap! ծրագրով, Տվյալների տեսապատկերում եւ կանխատեսում Snap! ծրագրով եւ Համակարգչային տեսողությամբ միջավայրի ավտոմատացում Python ծրագ

րավորման լեզվով։«Մրցույթը նպատակ ուներ բացահայտել տաղանդներ, զարգացնել տարբեր հմտություններ եւ խրախուսել ակտիվ դպրոցներին ու ուսուցիչներին, իսկ ԱրարատԲանկը շարունակելու է աջակցել այն կրթական ծրագրերին, որոնք նպաստում են պատանիների ստեղծագործ մտքի զարգացմանը՝ նպաստելով նրանց երազանքների ու նպատակների իրականացմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:ԱրարատԲանկի եւ «Անտրոհուս» կրթական հիմնադրամի միջեւ համագործակցությունը մեկնարկել է 2024թ․-ին, որի շրջանակում ԱրարատԲանկը աջակցել է «Գիտահեն» ծրագրի իրականացմանը՝ ապահովելով ուսուցիչների վերապատրաստումը եւ ֆինանսավորելով կոդավորման խմբակների գործունեությունը մեկ ուսումնական տարվա ընթացքում։«Գիտահեն» խմբակներում ներգրավված ավելի քան 110 աշակերտ իրենց նախագծային ուսուցման ընթացքում լուծել են տվյալների կարեւորության գնահատման, կարեւոր եւ երկրորդային տվյալների տարանջատման, աղմկոտ տվյալների հայտնաբերման, առօրյա կյանքում այդ վերլուծությունների ճիշտ կիրառման եւ այլ խնդիրներ։ ԱրարատԲանկի աջակցության շնորհիվ «Գիտահեն» կոդավորման խմբակի ճարտարագետ-ուսուցիչները մասնակցել են խմբակների համար մշակված՝ ուսուցիչների վերապատրաստման հատուկ ծրագրին։ ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:



ԼՐԱՀՈՍ