Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կշարունակեն աշխատել անժամկետ պայմանագրով. Կառավարության նոր որոշման նախագիծ .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման դրված որոշման նախագիծը, որով փոփոխություններ կկատարվեն «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» 2023թ. հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման մեջ: Նախագծով նախատեսվում է Արցախից բռնի տեղահանված այն ուսուցիչներին, որոնք արդեն աշխատում են հանրակրթական ուսումնական հաստատություններում ծրագրի շրջանակներում, տալ հնարավորություն գործուղման ժամկետի լրանալուց հետո շարունակել աշխատանքը: Մասնավորապես, ուսու

ցիչները կարող են առանց մրցութային գործընթացի շարունակել աշխատել նույն հաստատությունում, եթե առկա է հաստատության տնօրենի և տվյալ ուսուցչի երկուստեք համաձայնությունը: Ներկայումս 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում ներգրավված ուսուցիչների հետ կնքված պայմանագրերի ժամկետը լրացել է կամ լրանում է (պայմանագրի կնքման պահից մինչև 2-րդ ուսումնական տարվա ավարտը): Գործող կարգավորմամբ ուսուցիչները չունեն հստակ մեխանիզմներ իրենց գործունեությունը շարունակելու համար: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է երկու հնարավորություն. Երկու դեպքում էլ աշխատանքը կշարունակվի արդեն անժամկետ աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ առանց որոշմամբ սահմանված լրավճարի տրամադրման: Փոփոխության արդյունքում Արցախից տեղահանված մասնագետները հնարավորություն կունենան շարունակելու իրենց մասնագիտական գործունեությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում և համալրելու առկա թափուր հաստիքները արդեն անժամկետ աշխատանքային պայմանագրի հիման վրա: Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ծրագրից, «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրից: Որոշման նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի ծախսերի ավելացում, քանի որ աշխատանքը կշարունակվի առանց լրավճարի: Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԼՐԱՀՈՍ