Փաշինյան. Պետք է մտածել՝ ի՞նչ կարելի է անել, որ Հայաստանում պղնձաձուլարան ունենանք .banks.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարությունը լրջագույն խնդիրների է բախվում ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում։ «Հայաստանում հանքարդյունաբերություն ասելով՝ մենք հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը, եւ սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետեւ ոլորտի, ըստ էության, 95 եւ ավելի տոկոսը վերաբերում է հենց մետաղական հանքերի շահագործման գործընթացին: Բայց իրականում այս իրողության մեջ էլ պրոբլեմներ կան: Երբ Հայաստանում շինարարության տեմպը, նաեւ սուբվենցիոն ծրագրերը, Կառավարության ուղիղ ներդրումները մարզերում ակտիվացան, մենք զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա»,- Ծաղկաձորում «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:Նրա խոսքով՝ համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար քար է ներկրվում արտերկրից, ին

չը «ցույց է տալիս, որ պրոբլեմներ կան եւ մասնավորապես՝ քարի մշակման եւ արդյունահանման ոլորտում անելիքներ կան»: «Մենք հսկայական պրոբլեմներ ունենք ավազի արդյունաբերության ոլորտում, որովհետեւ սա այն ոլորտներից է, որտեղ թափանցիկության լրջագույն խնդիր կա: Մենք այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունենք, այդ թվում՝ այն պատճառով, երբ վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում, շինարարության այս ծավալների պատճառով շատ արագ ճնշում ենք զգում, որովհետեւ պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, պարզապես ինչ-որ մի բավականին երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի, որովհետեւ հենց ավազի ոլորտում ահռելի ստվեր կա»,- ասել է նա:Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաեւ բարձր ստանդարտին հանքարդյունաբերության համապատասխանությանը, նշել, որ հանքարդյունաբերության ոլորտում հաջորդ ռազմավարական խնդիրն արդյունաբերության շղթայի երկարացումն է:Նրա խոսքով՝ առաջիկա գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային, ավելի նպաստավոր կդարձնեն միջավայրը, որովհետեւ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների սպասվող բացումը նոր հնարավորություններ կբացեն այս ոլորտում»:Հայաստանում պղնձաձուլարան ունենալու հարցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պիտի մեր գործընկեր նախարարների եւ ոլորտի հարգարժան ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեմ այս խնդրի վրա, որովհետեւ այո՛, պղնձի հանքաքարի արտահանումը մեր երկրի համար, իհարկե, մեր տնտեսության համար շատ էական նշանակություն ունի, բայց մենք ի վերջո պետք է մտածենք, թե ի՞նչ կարող ենք անել, որպեսզի Հայաստանում արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունն իրականություն դառնա»: 



ԼՐԱՀՈՍ