Մի շարք օրենսդրական նախաձեռնություններ քննարկվել են երկրորդ ընթերցմամբ

Սեպտեմբերի 30-ին գումարված ԱԺ հերթական նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ նշելով, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո այն բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել: Նշվել է, որ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսեւորման ձեւերն օրենսդրորեն սահմանելու, արարքի նկարագրությունը հստակեցնելու եւ մի շարք հանգամանքների զուգորդմամբ արարքը կատարված լինելու համար պատասխանատվության խստացման, ինչպես նաեւ ռազմական ոստիկանության խնդիրները եւ լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ: Քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքների նախագծերով առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների եւ բարձրախոսների տեղադրումը, քանի որ դրանցից հնչող բարձր երաժշտությունն ու ձայները կարող են խախտել հասարակական անդորրը, ինչպես նաեւ դժվարացնել շչակների ձայնը լսելը, ինչը կարող է խանգարել եւ շեղել վարորդներին: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: Երկրորդ ընթերցմամբ նաեւ քննարկվել է Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրքն ու հարակից օրենքների փաթեթը: Այն ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Գործադիրն առաջարկում է Ոստիկանությունում եւ Փրկարար ծառայությունում իրականացվող ծառայողական քննությունները, նշանակվող տույժերն ու խրախուսանքները համապատասխանեցնել Հանրային եւ Քաղաքացիական ծառայությունների վերաբերյալ օրենքներին, ամրագրել ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: Նախաձեռնության վարաբերյալ Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնց հիման վրա էլ փաթեթում ընդգրկված նախագծերը լրամշակվել են: Փոխնախարարի տեղեկացմամբ առաջարկները պայմանականորեն բաժանված են երեք խմբի: Առաջին խմբի առաջարկներն ուղղված են կոռուպցիայի հակազդման արդյունավետության բարձրացմանը, երկրորդ խմբինը՝ ոստիկանության մի շարք առանցքային գործառույթների իրականացման հստակեցմանը, իսկ երրորդ խմբի առաջարկները միտված են ոստիկանության եւ փրկարար ծառայությունում մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացի լավարկմանը: Նշվել է, որ անցումային դրույթներում նախատեսվել են կարգավորումներ, ըստ որոնց՝ մինչեւ փաթեթի ուժի մեջ մտնելը նշանակված ծառայողական քննությունները կշարունակվեն նշանակման պահին գործող կարգավորումներով: Փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո դրանք կիրականացվեն արդեն նոր կարգավորումներով: Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: «Պետական սահմանի մասին» օրենքում առաջարկվող լրացմամբ հստակեցվում
է ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) կարգավիճակը: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: Փոխնախարարի խոսքով նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ըստ պատգամավորի՝ 2006 թվականից համակարգի գործունեությունը կարգավորվել է Կառավարության որոշմամբ, եւ այժմ անհրաժեշտություն է առաջացել այն ամրագրել օրենքով: