Խորհրդարանական լսումներ «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշմամբ հրավիրվել էին  խորհրդարանական լսումներ, որի թեման խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության  նախագիծն էր: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, լրագրողներ, շահագրգիռ անձինք: «Այսօր մենք արել ենք ամեն ինչ, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մեկ վայրում կարողանան քննարկել գործնական լուծումներ, թե ինչպես կարելի է հասնել իշխանափոխության: Կարծում եմ, որ առաջին հերթին հենց մենք՝ ընդդիմադիրներս, ակնկալելով լայն հասարակական կոնսոլիդացիա՝ պետք է օրինակ ցույց տանք մեր համախմբվելով ու մեկ գաղափարի շուրջ մեր ուժերի ներածին չափով ու մի քիչ ավել պայքարելով»,- մասնավորապես ասել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: ԱԺ հայտարարության նախագիծը ներկայացրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները՝ էականորեն շեղվելով իր իսկ ներկայացրած եւ խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, այլեւ չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջեւ ծառացած մարտահրավերներին՝ հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ»,-ասվում է հայտարարությունում: Ներկայացնելով հայտարարության տեքստը՝ Տիգրան Աբրահամյանը նշել է՝ խմբակցության կարծիքով այս պահին ազգային արտակարգ իրավիճակի միակ սահմանադրական լուծումն Ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, որը ենթադրում է մի շարք  քայլերի հերթականություն, որոնք նկարագրված են հայտարարության տեքստում: Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ: Տիգրան Աբրահամյանը պատասխանել է լսումների մասնակիցների հարցե

րին՝ այդ համատեքստում  նշելով, որ վարչապետին անվստահություն հայտնելու  գործընթացը խորհրդարան կբերվի եւ կհանրայնացվեն իրենց ստորագրությունը դրած անձանց անունները, երբ հստակ կլինի, որ այդ ձայները մոտենում են 54-ի: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է խմբակցության եւ դաշինքի դիրքորոշումը «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության եւ դրանից բխող անվստահութան գործընթաց սկսելու վերաբերյալ: Պատգամավորը նշել է, որ ամբողջությամբ կիսում են հայտարարութան նախագծում ներկայացված փաստերն ու հիմնավորումները: «Մեր դիրքորոշումը նախագծին կողմ է: Ե՛վ հանձնաժողովում, ե՛ւ ԱԺ լիագումար նիստում կողմ ենք քվեարկելու»,- ասել է Իշխան Սաղաթելյանը: Ելույթներում մասնակիցները խոսել են անվստահության գործընթացի շրջանակում իրականացվելիք քայլերի, ծրագրերի մասին՝ ներկայացնելով իրենց տեսլականն անցումային կառավարության ձեւավորման, գործունեության ժամկետների, առաքելության, անցումային կառավարության վարչապետի թեկնածուի վերաբերյալ: Խորհրդարանական լսումների ավարտին Հայկ Մամիջանյանը շնորհակալություն է հայտնել քննարկման մասնակիցներին:



ԼՐԱՀՈՍ