Կայացել է երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը և որակավորման չափանիշները մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ կողմից նախապես հայտարարված հրավերին արձագանքել և խմբում ընդգրկվել են քաղաքացիական հասարակության կառույցների, երիտասարդական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդության ոլորտի փորձագետներ, ինչպես նաև Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ համաժողովի հայաստանյան պատվիրակության անդամներ: Աշխատանքային խմբում ընդգրկվել են նաև պետական շահագրգիռ գերատեսչությունների՝ ՀՀ ԿԳՄՍ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի գործունեությանը փորձագիտական աջակցություն է տրամադրում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` ՅՈւՆԻՍԵՖ-ը: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ «Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի» ընդունումից հետո Կառավարությունը հաստատել է օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագիր, որի կարևոր բաղադրիչներից մեկը երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշների և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության մշակումն է: «Նախատեսում ենք, որ մշակվող չափանիշներն ու մեթոդաբանությունն ավելի ընկալելի կդարձնեն երիտասարդական աշխատողի գործության նկարագիրը, այդ թվում՝ պետական աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնների աշխատակիցների գործառույթները, ինչպես նաև վերապատրաստումների շրջանակը: «Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի» կարևոր պահանջներից է ՏԻՄ-երում երիտասարդական աշխատողների պարտադիր ընդգրկումը: Հայաստանում ավանդաբար ունենք նաև ակտիվ երիտասարդական կազմակերպություններ, որոնց աշխատակիցները ևս երիտասարդական աշխատող են համարվում: Ի վերջո, կարիք ունենք հասկանալու՝ ինչ է նշանակում լինել երիտասարդական աշխատող: Ուստի, այս կարգի մեթոդաբանության մշակումը և չափանիշների հստակեցումը ծառայելու են երիտասարդության ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ինչպես պետական, այնպես էլ հանրային և տեղական մակարդակներում», - ասել է Արթուր Մարտիրոսյանը: Ընդգծելով գործընթացի մասնակցայնությունը՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է, որ աշխատանքային խմբում ներառված են տարբեր դերակատարներ. «Համոզված եմ՝ այս խումբը լինելու է թե՛ որոշում կայացնող, թե՛ աշխատանք տանող՝ ապավինելով, իհարկե, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տրամադրած փ

որձագիտական աջակցությանը: Օրենքը պետք է կյանքի կոչվի, իսկ դա գործողությունների համափունջ է. եթե ցանկանում ենք ունենալ երիտասարդական արդյունավետ միջավայրեր, ապա պետք է և՛ ուղեցույց ունենանք, և՛ ՏԻՄ-երին օրինակելի կանոնադրության նմուշ առաջարկենք, և՛ երիտասարդական աշխատողի գործունեություն նկարագիր մշակենք, և՛ այդ աշխատողներին վերապատրաստելու կարգ հաստատենք` ձևավորելով իրավական ամբողջական փաթեթ»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը` շեշտելով միասնական և համագործակցված աշխատանքի կարևորությունը: Աշխատանքային խումբն իրականացնելու է միջազգային փորձի ուսումնասիրություն, երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգի, որակավորման չափանիշների և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության մշակմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում, երիտասարդական աշխատանք իրականացնող կառույցների քարտեզագրում և գործառույթների վերլուծություն: Նախատեսվում են նաև տարբեր ձևաչափերով քննարկումներ շահագրգիռ կողմերի և շահառուների ներգրավմամբ: Աշխատանքային խումբը ձևավորվել և խմբի աշխատակարգը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով:
