«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար .banks.am

Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով՝ այս խորագիրն էր կրում Ծաղկաձորի Արարատ Ռեզորթ հյուրանոցում ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար նախատեսված դասընթացը։ Այն կազմակերպվել էր ԱրարատԲանկի եւ «ռեԱրմենիա» ակադեմիայի համագործակցությամբ, մասնավորապես, վերջինիս կրթական ծրագրերի շրջանակում իրագործվող «AI քեզ բան» կրթական նախաձեռնության միջոցով: «Դասընթացի հագեցած եւ հետաքրքիր օրակարգը ներառում էր մեր շուրջն անընդհատ փոփոխվող իրականության ամենաարդիական հարցերը՝ AI հեղափոխության մասշտաբը եւ դրա ազդեցությունն ինչպես տնտեսության, այնպես էլ աշխատաշուկայի վրա»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառման առանձնահատկությունները ինտերակտիվ ձեւաչափով ներկայացրել են դասընթացավարներ Արշակ Ուլուբաբյանը, Արտակ Գրիգորյանը եւ Անահիտ Վարդանյանը։Դասընթացն առավելապես ուղղված էր AI գործիքների կիրառմամբ մարդկային ռեսուրսների կառավարման, հանրության հետ կապերի, մարքեթինգի ոլորտներում արդյունավետ աշխատանքի, ժամանակի եւ այլ ռեսուրսների խնայողությանը։«ԱրարատԲանկը կարեւորեց դասընթացի անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով բանկային ոլորտի եւ AI-ի զարգացումները։ Ներկայացվեցին շատ տարբեր գործիքներ, որոնք կարող են հեշտ օգտագործվել բանկային ամենօրյա գործընթացներում եւ ստանալ առավելագույն արդյունք։ Կարեւորում եմ նաեւ այն, որ դասընթացներին մասնակցում են ստորաբաժանումների ղեկավարները, սա կարեւոր է հասկանալու համար, թե հատկապես որ գործընթացներում կարող է օգտագործվել արհեստական բանականությունը եւ նրանց օգնել թե՛ ժամանակի խնայման, թե՛ տեղեկատվության վերլուծության հարցում։ Մեկ այլ կարեւոր ուղերձ դասընթացից՝ AI-ը չի գալիս մարդուն փոխարինելու, այն գալիս է մարդուն ուժեղացնելու եւ որքան գրագետ կարողանաս այն կիրառել, այնքան ավելի մրցունակ կլինես ապագայում»,- նշել է ԱրարատԲանկի Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Իզաբելա Հովհաննիսյանը։ «Արհեստական բանականությունը շատ կարեւոր դեր է զբաղեցնում հատկապես երիտասարդների կյանքում: Եթե նախկինում երիտասարդները տեղեկատվությունը հայթայթում էին գրականության միջոցով, գրադարաններում, արխիվներում, այժմ ինչ-որ թեմայով հետաքրքրված լինելու դեպքում ավելի հեշտ

տարբերակ կա՝ օգտվում ես արհեստական բանականությունից, ավելի արագ, ավելի հեշտ գտնում համապատասխան տեղեկատվությունը, կարողանում ես խմբագրել եւ ստանալ քեզ անհրաժեշտ նյութը՝ ներկայացնելով համապատասխան անձանց»,- ասել է ԱրարատԲանկի Դիլինգային կենտրոնի տնօրեն Վլադիմիր Սարգսյանը:««ռեԱրմենիա» ակադեմիան իր առջեւ խնդիր է դրել ամենաշատը 5 տարվա ընթացքում ամենաքիչը 1 մլն հայի դարձնել AI գրագետ։ Սա կարեւոր է, քանի որ արհեստական բանականությունը շատ արագ փոխում է աշխարհը, տարբեր երկրներ մրցակցության մեջ են, թե որքան արագ կարող են այն յուրացնել։ Եվ քանի որ AI-ը յուրաքանչյուրիս արդյունավետությունը 5-10 անգամ մեծացնում է, դա կարող է մեծ ներուժ ունենալ հատկապես Հայաստանի պես փոքր երկրների համար, որոնք փոքր լինելով կարող են մեծ ազդեցություն ունենալ տարբեր ոլորտներում, այդ թվում բանկային։ Եվ այդ առումով ԱրարատԲանկն առաջադեմ է գտնվել»,- նշել է «ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ծրագրերի համակարգող Արշակ Ուլուբաբյանը։«Դասընթացի ավարտին հաջորդել է օրվա ամենահաճելի պահերից մեկը՝ արհեստական բանականության հնարավորություններից սահուն անցում դեպի մարդկային ինտելեկտ, անմոռանալի էմոցիաներ եւ ժպիտներ։ Անցկացվել է նաեւ թիմբիլդինգով, որն ինտելեկտուալ խաղի ձեւաչափով էր։ Հարցերը տարբեր ոլորտներից էին՝ ֆիլմեր, գրքեր, երաժշտություն, սահմանադրություն։ Արդյունքներն ամփոփելիս հաղթող է ճանաչվել «Արարատ» թիմը, բայց իրական հաղթանակը միասնականությունն էր, առողջ ու առաջ մղող թիմային ոգին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն