Սարոյան. կարճ պատմվածքի մրցանակ

Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Սարոյան հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հպարտությամբ ներկայացնում ենք Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակը, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ տարիների հաղթողները նույնպես կարող են մասնակցել։ Ներկայացվելիք պատմվածքները պետք է լինեն հեղինակային, գրված անգլերեն կամ թարգմանված անգլերեն։ • Պատմվածքները չպետք է գերազանցեն 3500 բառը։ • Ձևաչափի պահանջները՝ Times New Roman, 12 տառաչափ, 1.5 միջտողային հեռավորություն: • Խնդրում ենք նշել բառերի քանակը առաջին էջի վերևում։ • Խնդրում ենք չկցել շապիկի կամ վերնագրի էջ։ • Հայտադիմումները պետք է ուղարկվեն PDF և Word ձևաչափերով Հայտն անհրաժեշտ է ուղարկել info@evnbookfest.com էլ. հասցեին՝ վերնագրում նշելով անուն, ազգանուն, երկիր (օրինակ՝ Հովհաննես Գրիգորյան | Հայաստան) Նամակին անհրաժեշտ է կցել նաև • Կոնտակտային տվյալներ • Լուսանկար • Անգլերեն կենսագրություն (CV) Պատմվածքները պետք է լինեն հեղինակի սեփական ստեղծագործությունը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թ. հուլիսի 20-ն է (ներառյալ)։ Մրցույթի փուլեր Մրցանակաբաշխությունից քսան օր առաջ ընտրված պատմվածքների երկար ցանկը կհրապարակվի Գրքի երևանյան միջազգային փառատոնի կայքում։ Փառատոնից տասը օր առաջ կհայտարարվի կարճ ցանկը։ Փառատոնի փակման արարողությանը կարճ ց
անկում ընդգրկված հեղինակների ներկայությունը ցանկալի է: Նրանց գործերը կթարգմանվեն հայերեն և կտպագրվեն: Փառատոնի գրասենյակը նախապես կապ կհաստատի հաղթողի հետ՝ Հայաստան այցը կազմակերպելու համար։ Արդյունքներ և մրցանակ Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթի հաղթողի անունը կհայտարարվի Գրքի երևանյան միջազգային փառատոնի փակման արարողության ժամանակ։ Հաղթողը կստանա Վիլյամ Սարոյանի վրձնին պատկանող կտավ, որը մեծահոգաբար նվիրաբերում է Սարոյան հիմնադրամը։ Սարոյանի անվան մրցանակի ժյուրիի անդամներ Սքոթ Սեդրակյան - Սարոյան հիմնադրամի նախագահ Զավեն Բոյաջյան - թարգմանիչ, կինոգետ Լիլիթ Մելիքսեթյան - բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Դավիթ Իսաջանյան - թարգմանիչ, թարգմանաբան Արմինե Անդա - մանկագիր, դերասանուհի Շուշան Ավագյան - թարգմանիչ, դասախոս և Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանական ծրագրի համակարգող Փառատոնն իրականացվում է 2017 թվականից։ Այն Հայաստանում գրականության ոլորտի ամենամեծ իրադարձությունն է: Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը տեղի կունենա 2025 թ. սեպտեմբերի 5-7-ը Հանրապետության հրապարակում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում։ Ծրագրում կլինեն գրքի տոնավաճառ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, շնորհանդեսներ, աշխատարաններ, ներկայացումներ և համերգներ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվող Գրքի երևանյան միջազգային փառատոնը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: