Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են
Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները, համագործակցելով Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ, պարզել են, որ կանգառը հունիսի 4-ին՝ ժամը 03․20-ի սահմաններում, հետընթաց կատարելիս վնասել է «Հովո» մակնիշի բեռնատարի 38-ամյա վարորդը։ Հունիսի 12-ին նա Ոսկետափ գյուղում հայտնաբերվել է։ Բեռնատարը
տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: