«Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ շարունակվում է «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը: Այն նպատակ ունի բացահայտել պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողներին, նպաստել նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, հանրային ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին մասնակցությանը: Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան): «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում հունիսի 17-20-ը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում կիրականացվեն վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերը: Վարպետության դասերին կմասնակցեն հանրապետության տարբեր ուսումնական հաստատություններում սովորող շնորհալի պատանի դաշնակահարները, որոնք ընտրվել են մասնագիտական լսումների արդյունքում: Մասնագիտական լսումներն իրականացվել են «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագր
ի մասնագետների, մասնավորապես՝ պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի և ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի կողմից: Լու Դուկ Անը Վիետնամի ամենաակտիվ դասական երաժիշտներից է. նա ելույթներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում և Վիետնամում իրականացվող տարբեր բարձրակարգ նախագծերի գեղարվեստական ղեկավարն է: Լու Դուկ Անը հայտնի է որպես մենակատար, կամերային երաժիշտ և նվագակցող: 2025 թվականից հանդիսանում է Վիետնամի միջազգային դաշնամուրային մրցույթի և փառատոնի գործադիր և գեղարվեստական տնօրենը, որը Վիետնամի ամենամեծ և հեղինակավոր դաշնամուրային մրցույթներից է։ «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում 2025 թվականին արդեն իրականացվել է 4 վարպետության դաս: Վարպետության դասերն անցկացրել են կոմպոզիտոր Վաչե Շառաֆյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարներ Հռիփսիմե Աղաքարյանը և Արմեն-Լևոն Մանասերյանը, ջութակահար Արմեն Հարությունյանը: