Վրաստանի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարաջանովի տուն-թանգարան և Մատենադարան
Հայաստանում Վրաստանի մշակույթի օրեր են. այդ կապակցությամբ Հայաստան է ժամանել Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունը: Վրաստանի մշակույթի նախարարը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: Հյուրերը թանգարանում ծանոթացել են մեծանուն կինոռեժիսորի կյանքի և գործունեության մասին պատմող վկայություններին, թանգարանի հիմնադրման պատմությանը: Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն բարձր է գնահատել թանգարանի դերն ու առաքելությունը Փարաջանով արվեստագետի ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու գործում: Նա նաև թանգարանի տպավորությունների մատյանում գրառում է կատարել՝ ներկայացնելով իր տպավորությունները: Հաջորդաբար Վրաստանի պատվիրակությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի ան
վան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն և մյուս հյուրերրը շրջել են Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում, ծանոթացել հայկական գրավոր ժառանգության պահպանման համակարգին։ Օտարալեզու ձեռագրերի սրահում Վրաստանի մշակույթի նախարարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել վրացերեն մատյանների նմուշներին։ Պատվիրակությունը շրջայց է կատարել նաև Մատենադարանբի վերականգնման բաժնում. տնօրեն Արա Խզմալյանը նրանց ծանոթացրել է հին ձեռագրերի վերականգնման և պահպանման գործընթացին։ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն բարձր է գնահատել Մատենադարանի գիտացուցադրական գործունեությունը և գրավոր հուշարձանների պահպանման հայկական մշակույթը։ Վրաստանի պատվիրակությունն այցելել է նաև «Մեգերյան կարպետ» ընկերություն՝ ծանոթանալու հայկական գորգագործության արվեստին։