SUMMEET ժամանակակից պարի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ հունիսի 14-ից հուլիսի 1-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի SUMMEET ժամանակակից պարի 5-րդ միջազգային ամառային փառատոնը: SUMMEET փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։ 5-րդ փառատոնն իրականացվում է միջազգային նոր համագործակցություններով՝ ճապոնացի, հարավկորեացի, բրիտանացի, գերմանացի, ֆրանսիացի, իտալացի, ռուս և ղազախ պարուսույցների հետ: Ընդլայնվել է փառատոնի կրթական ծրագիրը՝ ընդգրկելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (Կացուրա Կան` Ճապոնիա, ACTS` Ֆրանսիա) և Գյումրիում (Կաննոն Դանս՝ ՌԴ, Արթուր Գալիմուլին և Տոմիրիս Մետիբաևա՝ Ղազախստան) նախատեսված վարպետաց դասեր և լաբորատորիաներ: Փառատոնի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի (Institut Français) աջակցությամբ կներկայացվի «PARlez français» հայ-ֆրանսիական նախագիծը: Կցուցադրվի նաև ճապոնացի հայտնի պարուսույց, «Բուտո» (Butoh) պարի ներկայացուցիչ Կացուրա Կանի վարպետաց դասերի արդյունքում ստեղծվելիք ներկայացումը: Կացուրա Կանը ներկայացնելու է նաև դասախոսություն և մենապար: Գերմանացի աշխարհահռչակ բեմադրիչ Մարկո Գյոկեի կողմից բեմադրված մենապարը ներկայացնելու է Հանովերի թատրոնի մենապարուհի Լիլիթ Հակոբյանը: Սանկտ-Պետերբուրգի «Կաննոն Դանս» պարային ընկերությունը ներկայանալու է հարավկորեացի պարուսույց Սուջոն Կիմի «Պարադոքս» ներկայացմամբ։ Պար
ային ընկերությունը կցուցադրի նաև Լիլիթ Հակոբյանի բեմադրած «Անսրտություն» ներկայացումը: Ինչպես նախորդ տարիներին, փառատոնի մեկ օրն ամբողջությամբ կնվիրվի Armenian Showcase (հայկական պարադիտում) ծրագրին, որի շրջանակում կցուցադրվեն հայ պարուսույցների և ժամանակակից պարային ընկերությունների լավագույն բեմադրությունները՝ հայ պարուսույցների, արվեստի փորձագետների քննարկմամբ և գնահատմամբ: Այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում կներկայացվի SUMMEET4KIDS ծրագիրը, որի մասնակիցները կցուցադրեն ներկայացումներ Երևանում և Գյումրիում։ Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Open Look ժամանակակից պարի միջազգային փառատոնի հիմնադիր Վադիմ Կասպարովը, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը և Balmanukyan Dance Project պարային ընկերությունը։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը փառատոնի գլխավոր գործընկերն է։