Ալեն Սիմոնյանն ընդունել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 26-ին ընդունել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահ (Ժոգորկու Քենեշի տորագա) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուին: Ալեն Սիմոնյանը նախ առանձնազրույց է ունեցել գործընկերոջ հետ՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու իր հրավերն ընդունելու համար: Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ տպավորված է Հայաստան այցով: Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկ
վել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր՝ մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաեւ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի կապերի ակտիվացման վրա: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի՝ արդեն ավարտին հասցված նախագծին՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել: Դրան ի պատասխան՝ Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Ղրղզստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար: Երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը հատուկ շեշտադրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարեւորությունը: Հանդիպման ավարտին երկու երկրների ԱԺ նախագահների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի միջեւ համագործակցության մասին» հուշագիրը, որով նախատեսվում է ակտիվացնել երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի, հանձնաժողովների եւ աշխատակազմերի համագործակցությունը: