Կայացել է «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկայի մրցույթի առաջին փուլը .banks.am

Ապրիլին տեղի է ունեցել «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական համադպրոցական մրցույթի առաջին՝ առցանց փուլը, որն իրականացվում է «Կորիզ կրթական ծրագիր» ՓԲԸ-ի, ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի եւ «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ի համագործակցությամբ։«ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունից հայտնել են, որ առցանց փուլին մասնակցել է ավելի քան 7,000 աշակերտ Երեւանից եւ ՀՀ բոլոր մարզերից, ներառյալ միջնակարգ դպրոցների 3-12-րդ դասարանի աշակերտներ եւ քոլեջների ուսանողներ՝ անկախ նրանց գիտելիքի մակարդակից։«Այս մրցույթը նպատակ ունի խթանել մաթեմատիկական մտածողության զարգացումը, բարձրացնել աշակերտների մոտիվացիան եւ ապահովել հավասար հնարավորություններ՝ մասնակցելու կրթական նորարար միջոցառմանը»,- ասվում է հաղորդագրությունում։Մրցույթի երկրորդ՝ եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսին՝ առկա ձեւաչափով, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում։ Մասնակցելու են առցանց փուլի լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները։ Դրան կհաջորդի Հայաստանի ամենամեծ կրթական շոու-մրցանակաբաշխությունը, որին կմասնակցեն շուրջ 3,000 աշակերտ, ծնողներ, ուսուցիչներ եւ դպրոցների ղեկավարներ։ Միջոցառումը լինելու է գիտելիքի եւ կրթության տոն՝ նվիրված աշակերտների ձեռքբերումներին։««ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունը, հանդիսանալով Հայաստանի վճարահաշվարկային առաջատար ընկերություններից մեկը, հավատարիմ է իր սոցիալական պատասխանատվությանը՝ նպաստելով կրթության ոլորտի
ռազմավարական զարգացմանը»,- ասվում է հաղորդագրությունում: «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։