Քննարկվել է հուշարձանների ոլորտը կարգավորող օրենքի փոփոխությունը

ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթը։ ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում օգտագործվող «արգելոց» բառը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով»,- նախագծի զեկուցման ժամանակ հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ըստ նրա՝ աշխարհում նմանատիպ ինստիտուցիոնալ միավորները կոչվում են հնագիտական վայր՝ «Archeological site», որն ուղղակիորեն բխում է վերջիններիս կառավարման և պահպանության կարգավիճակից: Նա նշել է, որ արդի հայերենի բացատրական բառարանում «հնավայր» բառը սահմանված է որպես «հնությունների՝ հին հուշարձանների, հնագիտական պեղումների վայր»: «Բացատրական բառարանում «արգելոց» բառը սահմանվում է որպես «արգելավայր», որը վերագրվում է բնության հատուկ պահպանության տարածքներին և ենթադրում է «արգելելու, սահմանափակելու» կառավարման կարգավիճակ։ Հաշվի առ

նելով, որ պատմամշակութային արգելոց-թանգարանները դասվում են թանգարանային կառավարման ինստիտուցիոնալ շրջանակին և ենթադրում են համապատասխան պահպանության, սոցիալ-կրթական և մասնակցային միջավայրի ստեղծում՝ նպատակահարմար է դրանք վերանվանել «հնավայր-թանգարան»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը: Մյուս լրացմամբ նախատեսվում է շտկել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում առկա հակասությունները: Մասնավորապես՝ առաջարկվում է ճարտարապետահատակագծային առաջադրանքներն ու շինարարության թույլտվությունները ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրել միայն ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի հուշարձանների, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված հուշարձանների համար: Ներկայացվել է նաև ԱԺ գլխադասային՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ։ Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ սահմանվող կարգավորումների, հուշարձաններին առնչվող մասնավոր ընկերությունների գործունեության և առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:



ԼՐԱՀՈՍ