Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է ուսանողների հետ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ապրիլի 10-ին հանդիպել է մարզերի քոլեջների՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում դուալ կրթական համակարգով սովորող ուսանողների հետ: Հանձնաժողովի նախագահը մանրամասն ներկայացրել է օրենսդիր մարմնի գործառույթները, խոսել հանձնաժողովում իրականացվող աշխատանքների մասին: Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է դուալ կրթության կազմակերպումը եւ նշել, որ ՄԱՎԵՏԱ ծրագրի իրականացումը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ստանալ մասնագիտություն եւ զարգացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը: «Ոլորտում անելիքները շատ են, մասնագետները՝ քիչ»,- նշել է հանձնաժողովի նախագահը: ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը տեղեկացրել է, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի մի քանի մարզերում՝

Սյունիքում, Տավուշում, Արմավիրում, Լոռիում եւ Երեւանում: Նա նշել է, որ ծրագրի շրջանակում կարճաժամկետ դասընթացներ են կազմակերպվում նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ուսուցիչների ատեստավորմանը, համայնքներում ուսումնական հաստատությունների խոշորացմանը, մարզերում մշակութային կյանքի զարգացմանը վերաբերող հարցերի:  



ԼՐԱՀՈՍ