🎥 ՔՈԳՎ ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված: Պարզվել է, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել է 47-ամյա մի տղամարդ։ Հետագա միջոցառումներով նա հայտնաբերվել է մայրաքաղաքի Պարոնյան փողոցում, ձերբակալվել և իր «Կիա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել Կենտրոնական բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ, որոնք, ըստ տղամարդու, մեթամֆետամին և մարիխուանա են: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 47-ամյա տղամարդու
բնակարանում։ Հայտնաբերվել են 4,64 գրամ մեթամֆետամինի և 12,26 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ: Քրեական վարույթը շարունակվում է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: