Կարեւորվել են Հայաստանում իրականացվող գենդերային հավասարության եւ խտրականությունից պաշտպանության բարեփոխումներին ուղղված աշխատանքները

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 6-ին հանդիպել են «Քլաբ դե Մադրիդ» ֆորումի եւ «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ու ՕքսԵՋեն հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանն ու Մարինա Ղազարյանը: Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է հանձնաժողովի տիրույթում գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ 2024 թվականին խորհրդարանն ընդունել է նախագիծ, որով ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանվել է 18 տարեկանը: Խոսելով «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ՝ նա ընդգծել է, որ օրինագծում առկա դրույթները մեծամասամբ բխում են «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագծի սկզբունքներից: «Ծանոթանալով կատարվող աշխատանքներին՝ հասկացա, որ Հայաստանում գերազանց աշխատանք է տարվում»,- ասել է «ՀԱՎԱՍԱՐ-ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայ
աստանում» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած «Քլաբ դե Մադրիդ» ֆորումի ներկայացուցիչ, Սլովակիայի նախկին վարչապետ Իվետա Ռադիչովան: Նա կարեւորել է Հայաստանում իրականացվող գենդերային հավասարության եւ խտրականությունից պաշտպանության բարեփոխումներին ուղղված աշխատանքները: Ներկայացնելով իր երկրի փորձը գենդերային հավասարության ապահովման, կանանց իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ գործընթացների վերաբերյալ՝ Իվետա Ռադիչովան փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել: Արման Եղոյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությանը եւ բոլորի համար հավասար հնարավորություններին վերաբերող բարեփոխումներն ընթանալու են նախանշված ուղղությամբ ու խորությամբ` հավելելով, որ այդ ճանապարհին հանդիպող բոլոր խոչընդոտները պետք է հաղթահարվեն: Պատգամավոր Սոնա Ղազարյանը նշել է, որ Հայաստանը ժողովրդավարությունը եւ հասարակության ներառականությունը դիտարկում է որպես անվտանգության անբաժանելի մաս: «Մենք կիսում ենք ԵՄ-ում առկա բոլոր ժողովրդավարական արժեքները»,- ասել է պատգամավորը՝ տեղեկացնելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայում մշակում է հակախտրականության օրենքի կիրարկման ռազմավարություն: