Նոր հատկացումներ՝ կրթական, մարզական և մշակութային մի շարք կառույցների շինարարական աշխատանքների ապահովման համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել 2025թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 4,9 մլրդ դրամի չափով՝ մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարական աշխատանքների ապահովման համար: Գումարը հատկացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ իրականացվող մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարությունը պատշաճ իրականացնելու և այս տարի շահագործման հանձնելու նպատակով: Մասնավորապես՝ ավելի քան 450 մլն դրամ է նախատեսված Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոցի, ինչպես նաև Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների կառուցման համար: Շուրջ 2,5 մլրդ դրամ կհատկացվի Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Աշտարակ, Արմավիրի մարզի Արաքս և Խոյ համայնքներում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կոտայքի մարզի Ակունք, Շիրակի մարզի Անի, Աշոցք, ինչպես նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում տարբեր հզորությամբ մանկապարտեզների կառուցման և վերակառուցման համար: Շուրջ 1,5 մլրդ դրամ է նախատեսված Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 18 դպրոցի վերանորոգման համար: Համաձայն որոշման՝ ևս 600 մլն դրամ նախատեսված է Շիրակի մարզի Գետափի կրթահամալիրի կառուցման նպատակով: Կապահովվի կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավումը Գործադիրի մեկ այլ որոշմամբ վերաբաշխում է կատարվել 621,746.0 հազար դրամ գումարի չափով՝ կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման նպատակով։ Որոշման համաձայն՝ կրթության գծով կատարվող կապիտալ ծախսերը կազմում են շուրջ 359․3 մլն ՀՀ դրամ: Կրթական մի շարք հաստատություններում նախատեսվում է ապահովել նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ինչպես նաև շինարարական աշխատանքները: Մշակույթի գծով ծախսերը կազմում են շուրջ 262․5 մլն ՀՀ դրամ: Դրանք հիմնականում կուղղվեն հուշարձանների պեղումներին, պատմամշ
ակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը, ինչպես նաև ամրակայմանն ու տարածքի բարեկարգմանը: Որոշումների ընդունման արդյունքում կապահովվեն կրթական և մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։