🎥 Telcell-ը պարզաբանում է՝ ինչով է պայմանավորված տրանսպորտում վճարելու 30 րոպեի սահմանափակումը .banks.am

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը հանրային տրանսպորտում քարտով վճարում կատարելուց հետո հաջորդ վճարման համար 30 րոպե ժամանակային սահմանափակում է դրել՝ «քաղաքացիների չարաշահումներով պայմանավորված»: Ընկերությունից հայտնել են, որ բանկային քարտերին հաճախ լինում են նաեւ անսահմանափակ տարիֆային պլաններ, «ինչն էլ չարաշահման հնարավորություն է տալիս»:«Քաղաքացին, իմանալով, որ բանկային քարտն ունի տարիֆային պլան, որն անսահմանափակ է, քարտով անցկացնում է իր բոլոր ծանոթ բարեկամներին եւ վնաս հասցնում համակարգին: Նմանատիպ փորձ մենք քաղաքացիների կողմից ունեցել ենք՝ եւ ՛ բանկային քարտով, եւ ՛ տրանսպորտային քարտով: Այդ չարաշահումների հետեւանքով մենք ստիպված ենք եղել այդ երկու սահմանափակումն էլ դնել՝ ինչպես տրանսպորտային քարտերի վրա, այնպես էլ բանկային»,–ասել է «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը: Նշվում է, որ 30 րոպեի սահմանափակումը գործում է նույն տրանսպորտի համար՝ մետրոյի նույն կայարանում, նույն համարի ավտոբուսում կամ տրոլեյբուսում: Եթե քաղաքացին փոխում է տրանսպորտային միջոցը, վալիդատորն ընդունում է վճարումը: Այսինքն՝ տեղփոխով ուղեւորվող քաղաքացին այս սահմանափակումը չի զգա:«Իսկ, թե ինչու ժամանակային սահմանափակումը չի տարածվում միայն այն բանկային քարտերի վրա, որոնց վրա կան տարիֆային պլաններ, պայմանավորված է վալիդատորի օֆլայն աշխատանքով: Վճարման պահին հնարավոր չէ տարանջատել բանկային քարտերը՝ ըստ տարիֆային պլանի եւ տարիֆային պլանի բացակայության: Քաղաքացիները բարձրաձայնում են՝ վալիդատորը վճարումը երբեմն մերժում է, բայց ավելի ուշ նկատում են՝ գումարը գանձվել է: Այնինչ, գանձված գումարը ձեր նախորդ երթերից գոյացած պարտքն է, որի պատճառով հայտնվել էիք սեւ ցուցակում: Երբեմն վալիդատորը կանաչ լույս է վառում, սակայն քարտից գումար չի գանձվում: Պատճառները կարող են տարբեր լինել՝ քարտի վրա անբավարար միջոցների առկայությունից մինչեւ օրվա գործարքների քանակի ու գումարի սահմանափակում: Անսահմանափակ երթերով փաթեթներ ձեռք բերելիս պետք է հիշել՝ գործում է «մեկ անձ՝ մեկ տոմս» սկզբունքը: Telcell Wallet–ով ձեռք բերված դինամիկ QR-ները հնարավոր չէ տրամադրել այլ ուղեւորների: Wallet–ում փակված է սքրինշոթի, վիդեոձայն
ագրության հնարավորությունը: Հնարավոր է սքրինշոթ անել միայն մեկանգամյա տոմսը, 10–հատանոց փաթեթը եւ օդանավակայանի տոմսը»,- ասվում է հաղորդագրությունում:«Դինամիկ QR-ի պատկերը 30 վայրկյանը մեկ փոխվում է: Եվ մինչեւ դուք կնկարեք, կուղարկեք, պատկերը փոխվելու է, եւ QR–ը չի աշխատելու»,–նշել է Լիանա Հունանյանը:Նշվում է, որ Telcell Wallet–ով փաթեթները կարելի է ձեռք բերել զեղչված արժեքով: Կան նաեւ արտոնյալ խմբեր, որոնց համար գործում են այլ սակագներ: Telcell Wallet–ում նույնականացված լինելը բավարար է՝ առանց թաղապետարաններ կամ մասնաճյուղեր այցելելու հենց Wallet–ում ստանալու հասանելի զեղչը: «Եթե քաղաքացին կորցնի տրանսպորտային քարտը, որը նույնականացված չէ, ապա կորցնելու դեպքում ընկերությունը չի կարող օգնել: Կորցրած նույնականացված քարտերի դեպքում տարիֆը հնարավոր է տեղափոխել նոր գնված քարտին»,- հայտնում են ընկերությունից:«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։