Նախաձեռնությամբ սահմանվում են փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը եւ դրա կիրառման հիմնական պայմանները

Նախաձեռնությամբ առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը եւ դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում եւ մեր երկրում ձեւավորված գործարար կապերը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նշվել է, որ փոխարկելի պարտավորագիր (Convertible Note) պայմանագրերը հանդիսանում են միջազգայնորեն տարածում ստացած ներդրումային գործիք, որի միջոցով իրականացվում է ընկերությունների ֆինանսավորումը: «Օտարերկրյա եւ տեղական ներդրումային ու վենչուրային ֆոնդերի, բիզնես-հրեշտակների, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ քննարկումներում վերջիններս կարեւորել են Հայաստանում փոխարկելի փոխառության գործիքի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ փոխարկելի պարտքի միջոցով ներդրումները սովորաբար կատարվում են ստարտափերում եւ զարգացման սկզբնական փուլերում գտնվող ընկերություններում: Զեկուցողի խոսքով այդ մեխանիզմով ներդրումը հնարավորություն է ընձեռում ներդրողներին եւ ներդրումներ փնտրող ընկերություններին հավասարակշռել ռիսկերը եւ  առավել փոխշահավետ համաձայնությունների գալ: Մասնավորապես, նման ֆինանսական ներդրումներ կատարելիս ներդրողները հաճախ ցանկանում են հետագայում` ընկերության ֆինանսական վիճակի բարելավման դեպքում, այդ ներդրումը վերածել բաժնեմասի եւ ոչ թե ստանալ փոխառության գումարի վերադարձ` դրամի տեսքով: Միաժամանակ ընկերության մասնակիցները/բաժնետերերը չեն ցանկանում նախնական փուլում կառավարման հնարավորությունից հրաժարվել` ներդրողին բաժնեմաս/բաժնետոմս տրամադրելով: «Նման մոտեցումը հաճախ շահավետ է նաեւ ընկերությունների համար, որոնք կարող են համեմատաբար ավելի լավ պայմաններով (ցածր տոկոս, երկար ժամկետ եւ այլն) ներգրավել ներդրումներ ներկա կամ հնարավոր ապագա մասնակիցներից` խոստանալով ավելի լավ տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի դեպքում էլ տեղի կունենա պարտքի փոխարկումը բաժնեմասի»,- նշել է Գեւորգ Պապոյանը: Ըստ նրա` չնայած փոխարկելի փոխառության գործիքի` միջազգային լայն տարածմանը` Հայաստանում դրա կիրառության համար առկա են օրենսդրական խոչընդոտներ, ինչպես նաեւ առկա չեն գործիքի կիրառման համար անհրաժեշտ կառուցակարգեր: Նախարարը հավաստիացրել է, որ նախաձեռնությունն ուղղված է վերոնշյալ խնդիրների լուծմանը, փոխարկելի փոխառության պայմանա

գրի համապարփակ կարգավորմանը եւ այլն: Սահմանվում է, որ փոխառության պայմանագրով, որի համաձայն` փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մի մասի վերադարձի կամ տոկոսների կամ դրա մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով եւ պայմաններում փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխան պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի եւ դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր: Նախաձեռնությամբ կարգավորվում են նաեւ փոխարկելի փոխառությունն արտարժույթով տրամադրելու դեպքում փոխարկման առանձնահատկությունները: «Ակնկալվում է, որ նախաձեռնության ընդունմամբ կստեղծվեն Հայաստանում գործող ընկերություններում` հատկապես տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտի ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների եւ ներդրողի ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջեւ ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը` բարձրացնելով ընկերությունների ներդրումային գրավչությունը»,- նման դիրքորոշում է հայտնել նախարարը: Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 26-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:



ԼՐԱՀՈՍ