Արմսվիսբանկը՝ Կանաչ Կլիմայի Հիմնադրամի կողմից հավատարմագրված կառույց .banks.am

2025թ․ փետրվարի 18-ին Հարավային Կորեայում տեղի ունեցած Կանաչ Կլիմայի Հիմնադրամի (GCF) Խորհրդի 41-րդ տարեկան ժողովի ընթացքում Արմսվիսբանկ ՓԲԸ-ն ստացել է հավատարմագրում՝ դառնալով Հայաստանում GCF-ի կողմից հավատարմագրված առաջին և միակ մասնավոր կառույցը։Արմսվիսբանկը, առաջադրվելով ՀՀ պետական լիազոր մարմինների կողմից, 2020 թվականից գտնվում էր Կանաչ Կլիմայի Հիմնադրամին հավատարմագրվելու գործընթացում։ Հավատարմագրման շնորհիվ Բանկը ստացել է ուղիղ հասանելիություն աշխարհի խոշորագույն կլիմայական ֆինանսավորման հիմնադրամին՝ հնարավորություն ստանալով ներգրավել մինչև 50 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ միջոցներ՝ Հայաստանի կլիմայական օրակարգին համապատասխան ծրագրերի ֆինանսավորման համար։Հավատարմագրված լինելով GCF-ի կողմից՝ Արմսվիսբանկը ստանձնում է էկոլոգիապես կայուն նախագծերի ֆինանսավորման առաջամարտիկի դեր՝ աջակցելով տեղական ընկերություններին և կազմակերպություններին՝ իրականացնելով կանաչ ներդրումներ։ Բանկը կկենտրոնանա էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, կայուն ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և այլ բնապահպանական նախագծերի ֆինանսավորման վրա, որոնք կնպաստեն ՀՀ կլիմայական ռազմավարության իրականացմանը։Կանաչ Կլիմայի Հիմնադրամի (GCF) գլխավոր ներդրումային պատասխանատու Հենրի Գոնսալեսը նշել է. «GCF-ն ուրախ է ողջունելու ArmSwissBank-ին որպես Հիմնադրամի հավատարմագրման ցանցի ազգային ուղղակի հասանելիություն ունեցող կազմակերպություն։ Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի կլիմայական գործողությունների ոլորտում, որը կաջակցի Հայաստանի ցածր արտանետումներով, կլիմայական դիմակայուն և կայուն զարգացման արագացմանը»: «Արմսվիսբանկ» ՓԲԸ Գործադիր տնօրեն Գևորգ Մաչայանն իր հերթին նշել է. «Վերջին 10 տարիներին Կանաչ և Կայուն ֆինանսավորումը Արմսվիսբանկի առաջնահերթություններից է և դարձել է ռազմավարական ուղղություն։ 2020-2022թթ․ Բանկը կառավարել է GCF-ի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագիրը, որը կարևոր քայլ էր՝ հավատարմագրմանը նախապատրաստվելու և Հայաստանում Կանաչ ֆինանսավորման փորձը բարձրացնելու համար։ GCF-ի կողմից հավատարմագրումն ոչ միայն Բանկի կայուն զարգացման ռազմավարության կարևորագույն հանգրվանն է, այլև մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստան
ի տնտեսության համար՝ ներգրավելու միջազգային կլիմայական ֆինանսավորման ռեսուրսներ։ Մենք հավատացած ենք, որ այս հնարավորությունը կխթանի կանաչ ներդրումները, կաջակցի տնտեսվարողներին և կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանը։ Օգտակարությունը կայանում է ոչ միայն մատչելի ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու մեջ, այլ նաև այն փաստում, որ հավատարմագրման շրջանակներում Բանկը հնարավորություն կունենա ներգրավել առաջատար միջազգային փորձագետների՝ համապատասխան գործիքակազմերի մշակման և աշխատակիցների կարողությունների բարձրացման համար»։«Այս ձեռքբերումը կարևորագույն նշանակություն ունի ոչ միայն Արմսվիսբանկի, այլև Հայաստանի Հանրապետության համար՝ խթանելով երկրի ջանքերը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում և կայուն զարգացմանն ուղղված ներդրումների ներգրավման գործում»,- ասված է Բանկի հաղորդագրության մեջ։GCF-ը Փարիզի համաձայնագրի կարևոր բաղադրիչներից է` աշխարհի խոշորագույն կլիմայական հիմնադրամը, որի առաքելությունն է աջակցել զարգացող երկրներին բարձրացնել և իրականացնել իրենց Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDC) հավակնությունները՝ ցածր ածխածնային և կլիմային դիմակայուն ուղիներով։ Այս հիմնադրամի կողից այժմ հավատարմագրված են 145 կառույցներ, որոնցից 17-ը՝ ռեգիոնալ, 52-ը՝ միջազգային, 76-ը՝ ազգային ընկերություններ են (56-ը մասնավոր):