Հակոբ Արշակյանը մասնակցել է «Գիտություն եւ տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 15-ին մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն եւ տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները, որոնց ընթացքում գիտական եւ տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում բարձրաձայնելու խնդիրների մասին: «Այսօր աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների համատեքստում տարբեր երկրներում ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, ռազմավարական նոր առաջնահերթություններ: Բնականաբար, Հայաստանում նման մարտահրավերներին դիմակայելու համար համապատասխան ոլորտային, դինամիկ աշխատանքներ են իրականացվում»,- ասել է Հակոբ Արշակյանը «Գիտություն եւ տեխնոլոգիա. ռազմավարական նպատակներ» թեմայով պանելային քննարկման ընթացքում: Որպես ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր մարմնի ղեկավար՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է խորհրդի կատարած աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ ձեւավորվել է 8 աշխատանքային խումբ, որոնցում ներգրավվել են շուրջ 70 ոլորտային մասնագետներ, գիտության ոլորտի ձեռներեցներ, հեղինակավոր անձինք Հայաստանից եւ սփյուռքից. նպատակն է նպաստել Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանը: Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել կրթության, գիտության եւ արդյունաբերության ոլորտների բաղադրիչներ պարունակող 5 ճյուղերի (արհեստական բանականություն եւ մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, ընդլայնված ռոբոտաշինություն եւ ավիատիեզերական, քվանտային տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա եւ կյանքի գիտու

թյուններ) զարգացմանն ուղղված ծրագրերը: Նա շեշտել է, որ Կրթության, գիտության եւ արդյունաբերության ուղղությունների ներդաշնակ զարգացումը կարող է բերել թռիչքային զարգացման, որը կարեւոր դերակատարում ունի պետության մրցունակության, անվտանգության եւ կենսամակարդակի բարձրացման գործում: Հակոբ Արշակյանը նշել է, որ վերջին հինգ տարիներին գիտությանն ուղղված ֆինանսավորումը երեք անգամ ավելացել է. «Մեր բոլորի նպատակն է համատեղ ջանքերով աջակցել Հայաստանում գիտության զարգացման կայացմանը»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը՝ շեշտելով կրթության, գիտության, արդյունաբերության փոխկապակցված զարգացման անհրաժեշտությունը: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական ֆինանսավորման միջոցները վերջին հինգ տարում  ավելացվել են շուրջ 5 անգամ: Մեր խնդիրն է օգնել Կառավարությանը հնարավորինս արդյունավետ բաշխել միջոցները` նպաստելով ոլորտի կայուն զարգացմանը: Հակոբ Արշակյանը պատասխանել է գիտական համայնքի ներկայացուցիչների հարցերին: Անդրադարձ է կատարվել արդյունաբերական նորարարությանը, ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված քայլերին, ակադեմիական գիտական հետազոտություններին եւ պետություն-մասնավոր համագործակցությանը: Ոլորտային օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործընթացում կարեւորվել է գործադիրի, օրենսդիրի եւ գիտական համայնքի համագործակցությունը:  



ԼՐԱՀՈՍ