Երևանի քրեական հետախույզները բացահայտել են մայրաքաղաքում կատարված սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:38-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։Րոպեներ անց մեկ այլ ահազանգ էլ ստացվել է բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնում էին, որ հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Ռոբերտ Ստեփանյանին։Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:35-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակում անհայտ անձը տարբեր տրամաչափերի հրազեններով կրակոցներ է արձակել «Տոյոտա» ավտոմեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի, ինչի հետևանքով Ռոբերտ Ստեփանյանը մարմնի տարբեր
հատվածներում ստանալով հրազենային վնասվածքներ մահացել է։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի 45-ամյա բնակիչը Ռոբերտ Ստեփանյանի՝ ավտոմեքենայում գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել մայրաքաղաքի 41-ամյա բնակչին։ 41-ամյա տղամարդը իր մոտ պահվող ապօրինի զենքերից կրակոցներ է արձակել Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ, ինչից հետո 41 և 45-ամյա տղամարդիկ դեպքի վայրից դիմել են փախուստի։ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։Երևանի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է։Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։Նախաքննությունը շարունակվում է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: