Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պաշտոնավարման ավարտից հետո կկիրառվեն հետաշխատանքային սահմանափակումներ. ի՞նչ արգելքներ են սահմանվում .Iravaban.net

Iravaban.net–ը ուսումնասիրել է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնցով վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նախարարների տեղակալների և նրանց խորհրդականների համար սահմանվում են հետաշխատանքային արգելքներ։ Ո՞ւմ են վերաբերում սահմանափակումները Նոր կանոնները կիրառելի են վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նախարարների տեղակալների և նրանց խորհրդականների պաշտոնը զբաղեցնող անձանց նկատմամբ՝ ներառյալ հասարակական հիմունքներով խորհրդականներին։ Տասներկու ամիս՝ ներկայացուցչության արգելք Նախագծով առաջարկվում է սահմանել արգելք՝ պաշտոնավարման դադարեցումից հետո տասներկու ամսվա ընթացքում լինել ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացուցիչ այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ անձը եղել է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է եղել իրեն կամ անմիջականորեն վերահսկվել է իր կողմից։ Բացառություն է կազմում պաշտոնեական պարտականություններով պայմանավորված ներկայացուցչությունը։ Տասնութ ամիս՝ աշխատանքի արգելք Նախագիծը սահմանում է տասնութ ամսվա արգելք երկու ուղղությամբ։ Առաջինը՝ պաշտոնից ազատվելուց հետո տասնութ ամսվա ընթացքում արգելվում է աշխատանքի անցնել այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ անձը պաշտոնավարման վերջին տասնութ ամսվա ընթացքում իրականացրել է անմիջական հսկողություն։ Երկրորդը՝ արգելվում է զբաղվել մասնավոր ոլորտում այնպիսի գործունեությամբ, այդ թվում՝ ձեռնարկատիրական, որն առնչվում է անձի պաշտոնավարման նախկին ոլորտին և նախկինում զբաղեցրած պաշտոնով կամ նախկինում ձեռք բերած ծառայողական տեղեկատվության առկայությամբ պայմանավորված՝ կարող է տալ առավելություն։ Նախնական համաձայնության ստացման հնարավորություն Նախագիծը սահմանում է, որ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նախարարների տեղակալների, նրանց խորհրդականների պաշտոնը զբաղեցնող անձինք նախքան նոր պաշտոն ստանձնելը կամ նոր աշխատանքի անցնելը կարող են գրավոր տեղեկացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պարզելու տվյալ պաշտոնի կամ աշխատանքի համապատասխանությունը հետաշխատանքային սահմանափակումների պահանջին։ Հանձնաժողովը տասնհինգ օրվա ժամկետում ուսումնասիրության արդյունքների հիման վրա տրամադրում է հետաշխատանքային սահմանափակման անհրաժեշտության վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն։ Եզրակացությունն ընդունելու պահից երեք օրվա ժամկետում Հանձնաժողովը այն ուղարկում է դիմումը ներկայացրած անձին և այն գործատուին, որտեղ դիմում ներկայացրած անձը պաշտոն է ստանձնել կամ աշխատանքի անցել։ Հանձնաժողովի եզրակացությունները ընդունման պահից երեք օրվա ժամկետում հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում։ Դրական եզրակացության դեպքում անձը կարող է ստանձնել նոր պաշտոնը կամ կատարել նոր աշխատանքը, իսկ բացասական եզրակացության դեպքում անձը չի կարող ստանձնել նոր պաշտոնը կամ կատարել նոր աշխատանքը։

Եթե մինչև Հանձնաժողովի կողմից եզրակացություն տրամադրելը անձը ստանձնել է նոր պաշտոնը կամ անցել է նոր աշխատանքի կատարմանը, ապա Հանձնաժողովի կողմից բացասական եզրակացության դեպքում անձը պարտավոր է ոչ ուշ, քան վաթսուն օրյա ժամկետում դադարեցնել պաշտոնավարումը կամ աշխատանքի կատարումը։ Ինչքա՞ն են տուգանքները Նախագիծը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նոր հոդված է ավելացնում՝ հետաշխատանքային սահմանափակումները խախտելու համար վարչական պատասխանատվության սահմանման նպատակով։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից հետաշխատանքային սահմանափակումների պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։ Խախտման վերաբերյալ վարչական ակտի ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում խախտումը չվերացնելը կամ վարչական ակտի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հետաշխատանքային սահմանափակման անհրաժեշտության վերաբերյալ բացասական եզրակացություն տրամադրելուց հետո նոր պաշտոնի ստանձնումը կամ նոր աշխատանքի կատարումը կամ վաթսուն օրյա ժամկետում պաշտոնավարումը կամ աշխատանքի կատարումը չդադարեցնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով։ Ինչու՞ է անհրաժեշտ Նախագծերի հիմնավորումը նշում է, որ փոփոխությունները պայմանավորված են այլ սահմանափակումների առնչությամբ գործող կառուցակարգերի շարունակական կատարելագործումը և արդիականացումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի կողմից Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների մոնիթորինգի հինգերորդ փուլի գնահատման զեկույցը վեր է հանել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում անհրաժեշտ է ժամանակի և գործողության շրջանակների առումներով ընդլայնել ծառայությունը դադարեցնելուց հետո աշխատանքային գործունեության սահմանափակումները, ինչպես նաև սահմանել պաշտոնից ազատվելու դեպքում նախնական համաձայնություն ձեռք բերելու և նախատեսված կամ ընթացիկ գործունեության մասին զեկուցելու ընթացակարգ։ Հիմնավորումը նշում է, որ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ գործող իրավակարգավորումներին համահունչ կարգավորումներ առկա են նաև Էստոնիայում, Սլովենիայում, Ուկրաինայում, Լիտվայում և Մոնտենեգրոյում։ Նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշման պահանջներից, որով որպես նպատակ սահմանվում է այլ սահմանափակումների պահանջների կիրառման միասնականությունը ապահովելու և օրենսդրությամբ այլ սահմանափակումների պահանջները հստակեցնելու անհրաժեշտությունը։ Օրենքները ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, – տեղեկացնում է Iravaban.net–ը։



ԼՐԱՀՈՍ