Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում
Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ: Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը: «Շնորհակալություն, տիկին նախագահ, հարգելի գործընկերներ, Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը պատմական քայլ կատարեցին՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը եւ վերահաստատելով բոլոր հաղորդակցությունները վերաբացելու իրենց հանձնառությունը՝ հիմնված ինքնիշխանության եւ իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի վրա: Հայաստանը եւ Միացյալ Նահանգներն էլ պայմանավորվել են աշխատել միմյանց եւ փոխհամաձայնեցված այլ գործընկերների հետ՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի վրա: Սա լայնածավալ ենթակառուցվածքային ծրագիր է նոր երկաթուղիների, գազի եւ նավթի խողովակաշարերի, էլեկտրաէներգիայի ու ինտերնետի մալուխների անցկացման համար ամբողջ Հայաստանում: Այս առումով, հարգելի գործընկերներ, Հարավային Կովկասում ենթակառուցվածքային նախագծերի մասին խոսելիս չափազանց կարեւոր է օգտագործել լեգիտիմ տերմինաբանությունը, որը փոխադարձ համաձայնեցված է եւ հարգում է տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքները: Ադրբեջանն այս հոկտեմբերին հայտարարեց, որ վերացնում է իր տարածքով Հայաստան ապրանքների տարանցման նկատմամբ բոլոր սահմանափակումները, եւ նախագահ Ալիւեը դա համարեց հստակ նշան, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլեւ գործնականում: Հայաստանն իր երախտագիտությունն
է արտահայտել այս կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնել տարանցում ապահովել Թուրքիայից դեպի Ադրբեջան, ինչպես նաեւ Ադրբեջանի երկու մասերի միջեւ՝ այսօր մեր տարածքում առկա ճանապարհներով: Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան հացահատիկի փոխադրումը Ղազախստանից ու Ռուսաստանից ցույց է տալիս, որ ավելի լայն տարածաշրջանն ընդունում է խաղաղության փաստը եւ արդեն օգուտներ է քաղում հաղորդակցությունների ապաշրջափակումից: Հարավային Կովկասում Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը կարող են ամրապնդել միմյանց, ինչպես նաեւ տարածաշրջանի դերը՝ որպես կարեւորագույն տարանցիկ հանգույց, որը կապում է Եվրոպան, Սեւ ծովը, Թուրքիան, Կասպից ծովը եւ Կենտրոնական Ասիան: Մենք հույս ունենք, որ շատ շուտով կունենանք նաեւ բաց ցամաքային սահման ու դիվանագիտական հարաբերություններ մեր հարեւան Թուրքիայի հետ: Ամփոփելով՝ այս նոր տարածաշրջանային միջավայրը իրական հնարավորություններ է բացում Եվրոպական միության Գլոբալ դարպասների ռազմավարության եւ Միջին միջանցքի համար: Շնորհակալություն»,- ասել է Մարիա Կարապետյանը: