Հանրային քննարկում «Մարտի 1-ի գործի» վերաբերյալ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 18-ին կազմակերպել էր հանրային քննարկում՝ «Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով: Բացման խոսքում հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է Մարտի 1-ի գործին՝ նշելով, որ նշված գործը նորագույն պատմության ամենացավոտ էջերից մեկն է եւ անարդարության, քաղաքական ցինիզմի եւ ճշմարտությունը թաքցնելու ցանկության ամբողջական հանրագումար է, անպատժելիության եւ բռնության վրա հիմնված մի ամբողջ ռեժիմի գոյության մանիֆեստ: Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած ցավալի դեպքերի քննությանը, երբ սպանվել էին 10 քաղաքացիներ, Ռուստամ Բաքոյանն ընդգծել է՝ նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցած Մարտի 1-ի գործի քննությունը պետք է բնութագրել ընդամենը մեկ բառով՝ իմիտացիա: «Դա քննության իմիտացիա էր, դա արդարադատության իմիտացիա էր: Արդարադատություն իրականացնող բոլոր մարմինները, որոնց վրա դրված էր գործն ըստ էության քննելու եւ արդարացի դատավճիռ կայացնելու պարտականություն, զբաղված էին միայն մեկ բանով՝ ճշմարտությունը թաքցնելով, գործի քննությունը միտումնավոր ձգձգելով եւ քաղաքական պատասխանատվությունից խուսափելով»,- շեշտել է Ռուստամ Բաքոյանը: Ըստ նրա՝ Մարտի 1-ի գործի վերաբացման նպատակը ոչ թե քաղաքական հաշիվներ մաքրելն է, այլ արդարություն իրականացնող մարմինների նկատմամբ ժողովրդի վստահության ձեւավորումն ու արդարադատության վերականգնումը: Ռուստամ Բաքոյանը հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընթացիկ տարվա սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով առանցքային նշանակություն ունեցող վճիռ՝ հաստատելով, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ պետությունը, ի թիվս այլնի, խախտել է կոնվենցիոն կարեւոր իրավունքներից մեկը՝ կյանքի իրավունքը, եւ փաստացի պետությունն է պատասխանատու մի շարք զոհերի մահվան համար: Շնորհակալություն հայտնելով նման ձեւաչափով հանրային քննարկում կազմակերպելու համար՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ թեման պարունակում է մարդու իրավունքներին առնչվող բավականին լուրջ եւ առանցքային հիմնախանդիրներ: «Իրադարձությունները ողբերգականության տեսանկյունից բացառիկ են համանման իրադարձութունների համատեքստում»,- նշել է Անահիտ Մանասյանը: Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ նա արձանագրել է, որ բազմաթիվ են հավաքների ազատության իրավունքին միջամտության իրավաչափության բացակայության հետ կապված խնդիրները: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ժողովրդաարական հասարակության տեսանկյունից, այն լուրջ խնդիր է: Իրավունքների խախտմանն առնչվող ասպեկտը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, տարբեր մարմինների կողմից ուժի կիրառման համաչափության հետ կապված խնդիրն է: Նրա խոսքով բավարար, ողջամիտ հիմնավորումներ չեն ներկայացվել այն մասին, որ կիրառված ուժը եղել է համաչափ: «Հատուկ արձանագրեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է անգամ խոսել այն մասին, որ գործողություններն ինքնին կազմակերպված եւ իրականացված չեն եղել այն տրամաբանությամբ, որպեսզի առնվազն նվազագույն բացասական հետեւանքներ լինեն»,- նշել է Անահիտ Մանասյանը: Նրա արձանագրմամբ դեռեւս 2008 թվականին ՄԻՊ աշխատակազմը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել իրադարձությունների արդյունքում ազատությունից զրկված քաղաքացիների հետ: Նշվել է, որ բավականին լուրջ տեղեկատվություն է ձեռք բերվել այդ ժամանակահատվածում նրանց նկատմամբ կիրառված բռնությունների, վատ վերաբերմունքի վերաբերյալ, ինչը եւս նշված իրադարձությունների համատեքստում, իրավունքների դիտանկյունից պետք է դառնա քննարկման առարկա: Նա ընդգծել է, որ քննության արդյունավետության մասով առկա են խնդրահարույց իրավիճակներ: «Մենք միանշանակ պետք է կարողանանք դասեր քաղել այդ իրադարձությունից այն տրամաբանությամբ, որ դրանք այլեւս երբեք չկրկնվեն: Եվ դա պետք է լինի նաեւ պետության պատասխանատվությունը»,- եզրափակել է Մարդու իրավունքների պաշտպանը: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Արտյոմ Սուջյանը ներկայացրել է ,Ֆարմանյանը եւ այլք ընդդեմ Հայաստանիե գործի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումը, դրա շրջանակում արձանագրված խախտումները: Զեկուցողը նշել է, որ գործի վերաբերյալ վճիռը կայացվել է գանգատը ներկայացնելուց հետո շուրջ 14 տարի անց: Նշվել է, որ դատարանն արձանագրել է 3 հոդվածների մասով խախտումներ: «Եվրոպական դատարանը փաստել է, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ բոլոր մահերը վրա են հասել պետության կողմից անհամաչափ ուժի գործադրման հետեւանքով, որի կիրառումը բացարձակ անհրաժեշտություն չի եղել»,- ընդգծել է Արտյոմ Սուջյանը եւ հավելել՝ դատարանի դիտարկմամբ խնդրո առարկա ժամանակաշրջանում զանգվածային ցույցերի ժամանակ հատուկ միջոցների օգտագործման հստակ օրենսդրական կարգավորումներ չեն եղել, եւ դատարանը եզրահանգել է, որ մահվան դեպքերը տեղի են ունեցել ոստիկանական գործողությունների վատ պլանավորման եւ իրականացման հետեւանքով, որի ընթացքում ամբոխների վերահսկման միջոցներն անկանոն եւ ոչ պատշաճ են օգտագործվել: Դատարանը փաստել է նաեւ, որ որեւէ քննություն չի իրականացվել հրամանատարական շղթայի հնարավոր պատասխանատուների մասով, այդ թվում՝ այն բարձրաստիճան սպաների, որոնք պատասխանատու են եղել ոստիկանների կողմից ուժի կիրառման, ոստիկանների պատրաստվածության եւ վերջիններիս գործողությունների վերահսկման համար: Ըստ բանախոսի՝ դատարանը նշել է, որ միայն 10 տարվա ուշացումից հետո նոր քրեական գործ է հարուցվել եւ մեղադրանքներ են ներկայացվել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, ադ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Սակայն 2021 թվականի ապրիլին Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո այդ մեղադրանքը հանվել է: Զեկուցողը խոսել է նաեւ դատարանի արձանագրած Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտման բովանդակության մասին: Նշվել է, որ հոդվածը վերաբերում է դատարանի հետ համագործակցելու պետության պարտականությանը: Կառույցը հստակ արձանագրել է, որ մեր պետությունը չի ներկայացրել կոնկրետ փաստաթղթեր, դրանք չներկայացնելու հիմնավորումներ: Նշվել է, որ վճիռը հրապարակվել է սեպտեմբերի 18-ին, այն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 18-ին, որից հետո երեք ամսվա ընթացքում պետությունը պարտավոր է յուրաքանչյուր դիմումատուի գործով (եղել է 9 դիմումատու) վճարել 30 հազար եվրոյին համարժեք դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում եւ 35 հազար եվրոյին համարժեք դրամ՝ որպես կրած ծախսերի հատուցում: «Մարտի մեկի դեպքերի վերաբերյալ նախաքննության շարունակությունը տեւական ժամանակահատվածում» զեկույցի շրջանակում գործի նյութերին է անդրադարձել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը: 2008 թվականի մարտի մեկի դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը 2021 թվականի հոկտեմբերի 23-ից շարունակվում է Հակակոռուպցիոն կոմիտեում: Քրեական վարույթը բազմադրվագ է, նյութերը բաղկացած են ավելի քան 600 հատորներից: Քրեական վարույթով իրականացվող վարութային գործողությունների ծավալով պայմանավորված՝ 2025 թվականի նախաքննության կատարումը հանձնարարվել է համատեղ քննչական խմբին, որի կազմում ընդգրկվել է Քննչական կոմիտեի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի 24 քննիչ: ՄԻԵԴ-ի վճռով արձանագրվել է, որ 2008 թվականին Երեւանում զանգվածային բողոքի ցույցի ընթացքում տեղի ունեցած մահերն անհամաչափ ուժի կիրառման հետեւանք են, նշվել է, որ հրազենից արձակված կրակոցներից զոհված 4 անձանց մահերը եղել են վատ ծրագրավորված եւ իրականացված գործողության հետեւանք: Քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի ապօրինի մասնակցության հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ քրեական վարույթով նախաքննություն իրականացնող քննչական խմբի առանձին անդամներ եւ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք փոխել են դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված ու փորձաքննության օբյեկտ հանդիսացող կրակված պարկուճները, ինչպես նաեւ կազմել ու քրեական գործին կցել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր, թաքցրել կատարված հանցագործության դեպքերը: Բացի այդ, սպանված եւ մարմնական վնասվածքներ ստացած անձանց մարմիններից հանվել է 5,45 եւ 9 մմ տրամաչափի հրազեններից արձակված վեց հատ գնդակ: Փորձագիտական հետազոտմամբ պարզվել է, որ դրանք արձակվել են հինգ տարբեր հրազեններից: Գերատեսչության ղեկավարը մանրամասներ է հայտնել նաեւ գործի այլ նյութերի վերաբերյալ: Նշվել է, որ 2018-2019 թվականներին տարբեր անձանց կողմից քննությանը ներկայացվել են դեպքի վայրից հայտնաբերված կրակված պարկուճներ, գնդակ եւ փամփուշտ, նշված օբյեկտներով նույնպես իրականացվում է փորձաքննություն: Քրեական վարույթի շրջանակում ընդհանուր առմամբ հետազոտվել են ՀՀ զինված ուժերում հաշվառված շուրջ 100 հատ ինքնաձիգեր, ՀՀ ոստիկանության զորքերում եւ ՀՀ զինված ուժերում հաշվառված 1500-ից ավելի 9 մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակ: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անդրադարձել է «Ֆարմանյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործի ազդեցությանը ներպետական իրավական գործընթացներում: Զեկուցողի խոսքով Մարտի 1-ի վերաբերյալ քրեական վարույթը չի գտնվում Քննչական կոմիտեի վարույթում: Վարույթ իրականացնող մարմինն է Հակակոռուպցիոն կոմիտեն: Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում Գլխավոր դատախազի հանձնարարությամբ երկու քննչական մարմինների հետ համատեղ կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկված են նաեւ Քննչական կոմիտեի քննիչները: Վերջիններս որոշ դրվագներով իրականացրել են ակտիվ նախաքննություն: Զեկուցողը փաստել է, որ 2021 թվականի հունիսին ընդունված եւ 2022 թվականի հուլիսին ուժի մեջ մտած Քրեադատավարական օրենսգիրքն էապես բարձրացրել է ենթադրյալ հանցանքների քննության ընթացակարգի որակը՝ ապահովելով քրեական վարույթի իրականացման առավել արդյունավետ կարգի կիրառումը՝ միաժամանակ զուգորդելով այլ անձի իրավունքների եւ ազատությունների ուժեղացված պաշտպանության հետ: Արթուր Պողոսյանն ասել է, որ մինչեւ ՄԻԵԴ քննարկվող որոշման հր
ապարակումն օրենսգրքում առկա համալիր կարգավորումներով լուծում է տրվել արձանագրված մի շարք խնդիրների՝ Կոմիտեի նախագահը մանրամասն անդրադարձել է դրանցից մի քանիսին: «Մարտի 1-ի գործով դատարանում մեղադրանքի պաշտպանություն» վերտառությամբ ելույթով հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Գլխավոր դատախազը ներկայացրել է գործի հետ կապված այն աշխատանքները, որոնք ՀՀ գլխավոր դատախազությունն իրականացրել է 2022 թվականի սեպտեմբերից մինչ այսօր: Աննա Վարդապետյանն անդրադարձել է «Մարտի 1»-ի գործով Դատախազության կողմից մեղադրանքի պաշտպանության, պետական շահերի պաշտպանության հարցերին, նշել նաեւ գլխավոր դատախազի բացառիկ լիազորությունները՝ վերացնելու մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշումները: Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը խոսել է տուժողների իրավահաջորդների, ինչպես նաեւ Եվրոպական դատարանի բարձրացրած հարցերի մասին: Նրա խոսքով ամենակարեւոր հարցն այն է, թե ինչ անել, որպեսզի մեր երկրում չկրկնվի նման ողբերգական իրադարձություն: «Մարտի 1-ն այն մասին է, որ պետությունը կիրառեց մահաբեր զենք ժողովրդի իշխանությունը հաղթահարելու համար»,- ընդգծել է զեկուցողը: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Մարտի 1, 2-ի իրադարձություններն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել հանրային քննարկում կազմակերպելու համար: Խոսելով Փաստահավաք խմբի կողմից հավաքագրված փաստերի մասին՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ իշխանությունները նպատակ չէին դրել, որպեսզի տեղեկատվությունը հասանելի դառնա նաեւ բարձր ատյանի դատարաններին: Նրա խոսքով իշխանությունների գերխնդիրն ամեն ինչ կոծկելն էր: Մանրամասն անդրադառնալով մարտի 1-ին ունեցած դեպքերի առանցքային դրվագներին եւ դրան հաջորդած զարգացումներին, գործի բացահայտման ընթացքին: Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ Փաստահավաք խումբը 5 զեկույց է ներկայացրել: Նա անդրադարձել է նաեւ Փաստահավաք խմբի լուծարմանն առնչվող գործընթացին: «2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների խոցելիությունը: Իշխանությունների քաղաքական պատասխանատվությունըե զեկույցի շրջանակում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն արձանագրել է՝ մարտի 1-ին Երեւանի փողոցում իրականում գնդակահարվել է ոչ միայն ՀՀ քաղաքացին, այլեւ՝ ժողովրդավարությունը: Զեկուցողը խոսել է հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների օրգանական կապի մասին եւ փաստել՝ երկրորդը հնարավոր դարձավ առաջինի անպատժելիության հետեւանքով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Մարտի 1-ը չեկավ փետրվարի 29-ից հետո: Մարտի 1-ը, ցավոք, սկսվել է շատ ավելի վաղ, եւ սկսվել է այստեղ՝ այս դահլիճում: Մարտի 1-ի գործընթացը չէր լինի երբեւիցե, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, եթե մենք չբախվեինք իրավիճակի, երբ իրականում սահմանադրական կարգը, որպես այդպիսին, տապալվեց»: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ հոկտեմբերի 27-ին հաջորդած իրադարձությանը՝ 2003 թվականի ապրիլի 12-ին, երբ առաջին անգամ Բաղրամյան պողոտայում ուժ կիրառվեց քաղաքացիների նկատմամբ: Պատգամավոր Անուշ Քլոյանի գնահատմամբ Մարտի 1-ը պետական հանցագործություն էր, որի հիմքում ոչ թե պետական շահն էր, այլ իշխանության պահպանման հիվանդագին մոլուցքը: Ըստ նրա՝ ՄԻԵԴ-ի վճիռը բռնապետության դեմ ուղղված դատավճիռ է: Պատգամավոր Տիգրան Պարսիլյանն անդրադարձել է Մարտի 1-ից առաջ եւ դրան հաջորդող դեպքերին ու զարգացումներին: Ամփոփելով հանրային քննարկումը՝ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել հիմնական զեկուցողներին եւ մասնակիցներին: