Փոփոխություններ գիտական կադրերի ատեստավորման կարգում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել գիտական կադրերի ատեստավորման կարգում փոփոխության նախագծին: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը` նշելով, որ 2023 թվականի տարեվերջին հաստատված կարգում առաջարկվող փոփոխությունները և լրամշակումները նպատակ ունեն հստակեցնել սահմանված մի շարք հասկացությունները և գիտական աշխատողների տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշները` 2026 թվականին անցկացվելիք ատեստավորման ժամանակ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նկատառումով: «Ատեստավորման կարգի ընդունումից հետո իրականացվել է գիտական համակարգում աշխատողների հրապարակումների վերլուծություն, որը ցույց է տվել՝ դրանում կան ձևակերպումներ, որոնք հնարավորություն են ստեղծում խուսափելու գիտական արդյունքի՝ հնարավորինս ավելի լայն միջազգայնացումից և որակյալ գրախոսությունից: Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի, մասնավորապես, հստակեցնել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հրապարակումներին ներկայացվող պահանջները: Երկրորդ ուղղությունը վերաբերում է համարժեքությունների համակարգին, ըստ որի՝ գիտական հոդվածներն ամբողջությամբ չեն կարողանա փոխարինվել մենագրություններով, այսինքն՝ գիտական հոդվածի տպագրությունը որոշակի մասով կմնա պարտադիր: Հստակեցվել են նաև աշխատաժամանակի ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատողներին ներկայացվող պահանջները: Միաժամանակ, առաջարկվում է հայագիտության և հումանիտար գիտությունների հրապարակումների համար, հաշվի առնելով տվյալ բնագավառների յուրահատկությունը, ինչպես նաև մինչև առաջիկա ատեստավորման համար սահմանված ժամկետը, տարակարգերի ցածր պաշտոնների համար ատեստավորման պահանջները վերաձևակերպել` 5 տարվա պահանջի երկու հինգերորդի չափով: Իրականացվող գործընթացը հանդիսանում է գիտության ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների և ներդրումների ավելացման քաղաքականության, մասնավորապես՝ 2022 թվականից մեկնարկած աշխատավարձերի նորմավորման գործընթացի շարունակությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով` գիտության ոլորտում վարվող պետական քաղաքականության արդյունքում 2025 թվականի հունվարի 1-ից գիտական աշխատողների աշխատավարձերը նորմավորվել են՝ ըստ գործող ատեստավորման կարգի և սահմանված գործակիցների: Գիտնականների փաստացի աշխատավարձերը 2021 թվականի` բարեփոխումների մեկնարկի ժամանակահատվածի համեմատությամբ, առնվազն կրկնապատկվել են, իսկ որոշ պաշտոնների դեպքում նույնիսկ

եռապատկվել և քառապատկվել են: Նախարարը նշել է, որ 2026 թվականին գիտական համակարգում աշխատողների նոր ատեստավորման գործընթաց է նախատեսվում` նոր պահանջներով, որից ելնելով՝ կվերանայվեն նաև գիտական կազմակերպությունների ֆինանսավորման ծավալները: «Պետական քաղաքականությունն արդեն տալիս է իր արդյունքները. տարեցտարի ավելանում են Հայաստանի գիտնականների հրապարակումները միջազգային հեղինակավոր գիտական շտեմարաններում: Մասնավորապես՝ 2023 թվականի արդյունքներով (2024 թվականի արդյունքները դեռևս ամփոփվում են) պատմականորեն ամենամեծ թվով գիտական հրապարակումներ են գրանցվել միջազգային հեղինակավոր պարբերականներում: Կարևոր է, որ հրապարակումների աճը տեղի է ունենում ոչ միայն բնագիտական, այլ նաև հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Անդրադառնալով որոշմանը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է գիտական համակարգի աշխատողների վարձատրության բարելավման դինամիկան 2021 -2025 թվականների համար:



ԼՐԱՀՈՍ