2025 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.6 տոկոս է. Գեւորգ Պապոյան
2024 թվականի տարեկան արդյունքներով գրանցվել է ՀՆԱ-ի 5?9 տոկոս իրական աճ, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՆԱ աճը կազմել է 5.6 տոկոս: Զարգացումները դրական ուղղությամբ են գնում: 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.6 տոկոս է, իսկ վերջին ամսվանը՝ 10.5 տոկոս, ինչը վկայում է Կառավարության կողմից իրականացված տնտեսական քաղաքականությունների արդյունավետության մասին: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ շարունակվում էր «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումը: «Այն մեզ որոշակի հիմք է տալիս պնդելու այն նպատակադրումը, ինչը մենք ունեինք նախարարությունում, այն է՝ ունենալ շատ ավելի բարձր տնտեսական աճ, քան պետական բյուջեով սահմանված էր իրականացնել: Մենք կարծում ենք, որ հաջորդ տարվա սկզբում, երբ կամփոփենք արդյունքները, կունենանք շատ ավելի բարձր տնտեսական աճ, քան պլանավորված էր»,- հավելել է զեկուցողը: Նշվել է, որ Էկոնոմիկայի նախարարությանը 2026 թվականի համար պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 74,5 մլրդ դրամ, որը կուղղվի 10 ծրագրերի իրականացմանը: «Մեզ հատկացված միջոցները մեր ծրագրերին եւ նպատակադրումներին չեն բավարարում»,- ասել է նախարարը՝ ներկայացնելով ժամանակից շուտ
իրականացված աշխատանքները: Գեւորգ Պապոյանը հաջորդիվ անդրադարձել է իրականացվելիք ծրագրերին ու միջոցառումներին, նշել համապատասխան ֆինանսական հատկացումերը: Նրա խոսքով թե՛ այս, թե՛ հաջորդ տարի նախարարությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք է ունենալու, քանի որ պլանավորված ծրագրերն այս տարի արդեն գերակատարվել են, նույնը սպասվում է գալիք տարի: Գեւորգ Պապոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: Համատեղ նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին: