Կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանը

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 13-ին 95 տարեկանում կյանքից հեռացել է «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կենտրոնական վարչության նախկին նախագահ և պատվավոր անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը: Ալբերտ Մուշեղյանը ծնվել է 1930թ. սեպտեմբերի 27-ին Երևանում: 6 տարեկանում դինամիտի պայթյունի հետևանքով կորցրել է տեսողությունը: Հայագետ, խորենացիագետ, բանաստեղծ ու թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանը հանդիսացել է Հայաստանի գրողների միության վարչության անդամ (1979 թ.), Հայաստանի ժուռնալիստների միության անդամ (1990 թ.): 1978 թվականից սկսած՝ աշխատել է ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի «Հայ հին և միջնադարյան գրականության» բաժնում՝ որպես ավագ, ապա՝ առաջատար գիտաշխատող։ 1956թ. բրայլյան տառատեսակով գեղարվեստական գրքերի և դասագրքերի հրատարակման համար կազմակերպել է տպարան և նշանակվել գլխավոր խմբագիր: 1962թ. Մինիստրների խորհրդի որոշմամբ կազմակերպել է տպագիր և խոսող գրքերի հրատարակչություն՝ ձայնագրման ստուդիայով: 1980 թ․ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ավետիք Իսահակյանի կյա
նքի և ստեղծագործության առաջին շրջանը և ուսումնառությունը Գերմանիայում» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1996 թ․-ին՝ դոկտորական ատենախոսություն՝ «5-րդ դարի հայ հին մատենագրության ժամանակագրական խնդիրները» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: 2000 թ. նրա հայերեն թարգմանությամբ հրատարակվել է Մեծ Եղեռնի ականատես Արմին Թեոֆիլ Վեգների «Ճանապարհ առանց տունդարձի» գիրքը: 2007թ. հրատարակվել է Ալբերտ Մուշեղյանի «Մովսես Խորենացու դարը» գիտական մենագրությունը (412 էջ՝) բազմաթիվ օտարալեզու հնագույն սկզբնաղբյուրներով: 2018թ. հիմնել է Ուրարտագիտության և խորենացիագիտության կենտրոնը: Հայագիտական, գրականագիտական, թարգմանական, բանաստեղծական ստեղծագործությունների և հայրենանվեր գործունեության համար պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու մրցանակներով: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է Ալբերտ Մուշեղյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, Հայաստանի կույրերի միավորում անդամներին ու աշխատակիցներին: